Չեռնոգորիայի նախագահ Միլո Ջուկանովիչը նախագահական ընտրություններից երեք օր առաջ ցրել է խորհրդարանը։ Նախագահի հրամանագիրը հինգշաբթի տարածել է ազգային հեռուստատեսությունը։
«Ցրվում է Չեռնոգորիայի 27-րդ գումարման Սկուպշչինան [խորհրդարանը]։ Հրամանագիրն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից»,- նշվել է փաստաթղթում։
Հանրապետության սահմանադրության համաձայն՝ խորհրդարանական ընտրությունները պետք է տեղի ունենան ցրվելու պահից 60 օրից ոչ շուտ եւ 100 օրից ոչ ուշ։
Ավելի վաղ Չեռնոգորիայի խորհրդարանի նախագահ Դանիելա Ջուրովիչը մարտի 19-ին նշանակել էր խորհրդարանական ընտրություններ։ Սահմանադրության համաձայն՝ Չեռնոգորիան խորհրդարանական հանրապետություն է, իսկ պետության ղեկավարը կատարում է հիմնականում ներկայացուցչական գործառույթներ։ Այնուամենայնիվ, նախագահը մեծ նշանակություն ունի կառավարություն կազմավորելու եւ վարչապետի թեկնածու առաջադրելու գործում։ Չեռնոգորիայի նախագահն ընտրվում է համաժողովրդական քվեարկությամբ, հնգամյա ժամկետով եւ չի կարող այդ պաշտոնն զբաղեցնել անընդմեջ երկու ժամկետից ավելի։





























