Միջազգային բոլոր վարկանիշերում Հայաստանն առաջընթաց է արձանագրում, այսօր` սեպտեմբերի 22-ին կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը: Որպես դրա հերթական օրինակ նա մատնանշեց վերջին 2 շաբաթում Heritage Foundation-ի եւ Էլեկտրակապի միջազգային միության գնահատականները:
Heritage Foundation-ի ազատության ինդեքսում Հայաստանը 2 քայլ առաջ է գնացել եւ 180 երկրների շարքում ներկայում զբաղեցնում է 36-րդ հորիզոնականը: Այս ընդեքսով, ըստ վարչապետի, Հայաստանը զիջում է Վրաստանին (29-րդ տեղ), սակայն առաջ է Ադրբեջանից (92-րդ տեղ) եւ Թուրքիայից (67-րդ տեղ):Էլեկտրակապի միջազգային միության կողմից հրապարակած տեղեկատվական հասարակության չափման զեկույցում նույնպես արձանագրվել է Հայաստանի առաջընթացը տեղեկատվական եւ հեռահաղորդակցման տեխնոլոգիաների զարգացման վարկանիշի ձեւով:
«Այս պահի դրությամբ մենք տարածաշրջանում այդ վարկանիշով առաջատարն ենք, Ադրբեջանից եւ Վրաստանից առաջ ենք գտնվում»,- հայտարարեց Տ. Սարգսյանը։
Նրա ներկայացմամբ` Հայաստանի վարկանիշերի բարելավումը պայմանավորված է բարեփոխումների իրականացմամբ: Նա կառավարության ընդդիմախոսներին խորհուրդ տվեց բանավիճել ոչ թե կառավարության, այլ միջազգային կազմակերպությունների հետ, որոնք հրապարակում են այդ վարկանիշերը:




























