Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալները վկայում են, որ Հայաստանը մտել է տնտեսական ակտիվության փուլ: Նման հայտարարությամբ կառավարության այսօրվա` սեպտեմբերի 22-ի նիստում հանդես եկավ վարչապետ Տիգրան Սարգսյանը:

«Եթե տնտեսական ակտիվության ինդեքսը համադրենք համախառն ներքին արդյունքի ինդեքսի հետ եւ փորձենք գնահատել, ապա կտեսնենք, որ այստեղ էլ ունենք աճ։ Փորձագիտական գնահատականներով, ՀՆԱ աճն այս պահի դրությամբ կազմում է 4,5%, եւ դա նշանակում է, որ 2011թ. մեր ծրագիրն ամբողջովին իրատեսական է»,- ասաց վարչապետը:

Նրա խոսքով` աննախադեպ անկումից հետո գյուղատնտեսությունն արձանագրում է աճի բավական բարձր տեմպ, բացի այդ, բարձր տեմպով աճում է նաեւ արդյունաբերությունը։ Սակայն դեռեւս լուրջ խնդիրներ կան շինարարությունում, որի կշիռը ՀՆԱ-ում կրկնակի նվազել է: Կառուցվածքային փոփոխությունների արդյունքում Հայաստանի տնտեսությունը, ըստ վարչապետի, դիվերսիֆիկացվել է, ինչը երաշխիք է ստեղծում, որպեսզի այլեւս չկրկնվի 2009 թ. 14 տոկոս անկումը: