Դիզվառելիքի ու պարարտանյութի թանկության պատճառով, գյուղացիական արտադրանքի ինքնարժեքը բարձրանում է, որն էլ իր հերթին ազդում է դրանց շուկայական գնի վրա: Այդ մասին այսօր` սեպտեմբերի 23-ին, մամուլի ասուլիսում հայտարարեց Ագրարագյուղացիական միության նախագահ Հրաչյա Բերբերյանը:

Այսպես` ըստ Բերբերյանի, թեեւ գյուղնախարարության պաշտոնյաները խոստանում էին, որ պարարտանյութը 20 տոկոսով կէժանանա, իրականում այն 30 տոկոսով թանկացել է: Ազոտական պարարտանյութի մեծածախ գինը ներկայումս կազմում է` 50 կգ-անոց 1 պարկը 8200 դրամ (վրացական արտադրություն) կամ 9200 դրամ (իրանական արտադրություն): 

Ընդհանուր առմամբ` ըստ Բերբերյանի, տարին «միջակ էր» գյուղատնտեսության համար: Ծիրանի բերքը կազմել է 24-25 հազ. տոննա, որից 20 հազ. տոննա Արարատի մարզում, իսկ դեղձի բերքը մոտ 50-60 տոկոսի շրջանակներում է: Բացի այդ` ամռան ամիսներին եղել է երաշտային շրջան (30 օր անձրեւ չի եղել), որն իր հերթին բացասական է ազդել հացահատիկի ու կարտոֆիլի բերքի վրա: