Լրտեսության կասկածանքով ձերբակալված ԱՄՆ քաղաքացի Էվան Գերշկովիչը, որն աշխատում է ամերիկյան The Wall Street Journal թերթի մոսկովյան բյուրոյում, բողոքարկել է իր կալանքը, այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել են Մոսկվայի Լեֆորտովոյի դատարանի մամլո ծառայությունից: Դատարանն ավելի վաղ կալանավորել էր  ամերիկացուն։

« Ի պաշտպանություն Գերշկովիչի՝  դատարանը բողոք է ստացել կալանքը որպես խափանման միջոց ընտրելու դեմ», - հայտնել  են դատարանից ՝ նշելով, որ Մոսկվայի քաղաքային դատարանում այս բողոքարկման քննության ամսաթիվը դեռ նշանակված չէ:

Ինչպես ավելի վաղ հայտնել էին ԱԴԾ հասարակայնության հետ կապերի կենտրոնից՝ Գերշկովիչը, «գործելով ամերիկյան կողմի ցուցումով, պետական գաղտնիք կազմող տեղեկություններ է հավաքել Ռուսաստանի ռազմարդյունաբերական համալիրի ձեռնարկություններից մեկի գործունեության վերաբերյալ»։ Այդ կապակցությամբ լրագրողը ձերբակալվել էր Եկատերինբուրգում։ Ռուսաստանի Դաշնության Անվտանգության դաշնային ծառայության (ԱԴԾ )հետաքննչական վարչությունը նրա դեմ քրեական գործ է հարուցել՝ Ռուսաստանի Դաշնության քրեական օրենսգրքի 276 («Լրտեսություն») հոդվածով: Ամերիկացին մեղքը չի ընդունում:

The Wall Street Journal-ը հաղորդում է տարածել,  որում  խորը մտահոգություն է հայտնում Գերշկովիչի անվտանգության համար: ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը խնդրել է Ռուսաստանի իշխանություններին ազատ արձակել լրագրողին։