Թեեւ հայ-թուրքական գործընթաց սկսելու Հայաստանի նախաձեռնությունը ողջունվեց ու լայն աջակցություն գտավ միջազգային հանրության կողմից, սակայն 2009-ին ստորագրված արձանագրությունների վավերացումն ու իրականացումն ամեն կերպ վիժեցվում են Թուրքիայի կողմից: Այս մասին ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 66-րդ նստաշրջանում ունեցած իր ելույթում հայտարարել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը:

Հայաստանի նախագահն իր ելույթում անդրադառնալով հայ թուրքական գործընթացին, նշել է.

«2008 թվականին այս նույն ամբիոնից ես հույս էի հայտնել, որ մեր կողմից նախաձեռնած Հայաստան­Թուրքիա կարգավորման գործընթացը եւ որպես առաջին քայլ դիվանագիտական հարաբերությունների հաստատումն ու Թուրքիայի կողմից միջազգային իրավունքին անհարիր կերպով փակված սահմանների բացումը հնարավորություն կընձեռեին սկսել երկխոսություն, վերացնել մեր մեջ առկա անվստահության, կասկածանքի եւ անորոշության մթնոլորտը: Եվ թեեւ մեր նախաձեռնությունը ողջունվեց ու լայն աջակցություն գտավ միջազգային հանրության կողմից, 2009 թվականին ստորագրված արձանագրությունների վավերացումն ու իրականացումն ամեն կերպ վիժեցվում են Թուրքիայի կողմից:

Այսօր կայուն զարգացմանը նվիրված Ռիոյի գագաթնաժողովի նախաշեմին անհրաժեշտ է դրսեւորել քաղաքական կամք, կյանքի կոչել միջազգայնորեն ստանձնած պարտավորությունները` Հարավային Կովկասը համագործակցության ու բարգավաճման տարածաշրջան դարձնելու համար:

Անվտանգության ու զարգացման փոխկապակցվածությունը վերացական հասկացություն չէ մեր տարածաշրջանի համար, որտեղ տնտեսական համագործակցությունն ու միջազգային տնտեսության մեջ լիարժեք ինտեգրումը խոչընդոտվում են ապօրինի շրջափակումներով եւ տարածաշրջանային ինտեգրացիոն ծրագրերի արգելափակումով:

Նման մոտեցումները, ինչպես նաեւ սպառազինությունների մրցավազքի հրահրումը ոչ միայն վտանգավոր են տարածաշրջանի ժողովուրդների համար, այլեւ շարունակում են խլել կայուն զարգացում ապահովելու համար խիստ անհրաժեշտ ռեսուրսները:

 Ժամանակն է, որ մեր տարածաշրջանի երկրների առաջնորդները փորձեն վեր կանգնել նեղ քաղաքական օրակարգի թելադրանքից` գնալով լուծումների, որոնք ուղղված են սերունդների խաղաղ ու բարեկեցիկ ապագային:

Ուզում եմ հավատալ, որ հեռու չէ այն օրը, երբ մեր տարածաշրջանը համատեղ ջանքերի շնորհիվ կսկսի ընկալվել ոչ թե որպես սահմանագիծ, այլ քաղաքակրթությունները միավորող ամուր եւ կայուն կամուրջ»: