Լավատես լինենք, որ ՀՀ առաջին նախագահը կընդունի հրավերը և կարձագանքի ողջամիտ ժամկետում, այս հարցում գուցե խոսնակին հարկ լինի օգտագործել իր բոլոր, այդ թվում՝ պահեստային հունարներն ու շնորհները: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ նախագահի խոսնակ Ծովինար Խաչատրյանը՝ պատասխանել ՀՀ Առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի խոսնակ Արման Մուսինյանին:
«Ի պատասխան Արման Մուսինյանի
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի խոսնակ Արման Մուսինյանի արձագանքը ՀՀ ԱԺ նախագահի գրառմանը ևս մեկ անգամ ի ցույց է դնում այն, որ ինչ-որ պահից կտրված իրականության կապը, ցավոք, չի կարողացել վերականգնել: Ափսոս, որ ընկալումների հնամաշությունը, պարզունակությունը և բառապաշարի խեղճությունը, փաստորեն, ոչ մի կերպ չի ստացվում վերանայել: Հուսանք ՀՀ ԱԺ նախագահի գրառումն ընթերցելուց հետո նա կպատասխանի այն հարցին, թե արդյոք պատրաստ է ՀՀ առաջին նախագահն այցելել առաջնային մանդատով օժտված միակ ատյան՝ ՀՀ Ազգային ժողով, պատմության ընթացքում պետության վարկին հասցված ամենամեծ վնասների վերաբերյալ քննարկման համար: Լավատես լինենք, որ ՀՀ առաջին նախագահը կընդունի հրավերը և կարձագանքի ողջամիտ ժամկետում, այս հարցում գուցե խոսնակին հարկ լինի օգտագործել իր բոլոր, այդ թվում՝ պահեստային հունարներն ու շնորհները»,- գրել է նա:
Հիշեցնենք, որ Արման Մուսինյանն էլ ավելի վաղ իր ֆեյսբուքյան էջում գրել էր.
«Կարելի էր, իհարկե, Ալեն Սիմոնյանին հուշել, որ.
- Անխելքություն է Նախագահին վերագրել մտքեր իր հրաժարականի պահանջի և համեմատություններ այլ քաղաքական անհատների հետ, որոնք Տեր-Պետրոսյանի տեքստում գոյություն չունեն: Տեքստ կարդալը մի հունար է, տեքստում գրվածը հասկանալը՝ մի այլ, տեքստ գրելն էլ մի ուրիշ շնորհ: Ցավոք, Ալեն Սիմոնյանն, ինչպես ցույց տվեց իր արձագանքը, այդ ունակությունները չունի:
- Մանկամտություն է պարբերաբար իրեն պատեպատ տալը, թե ինքը դավաճան չէ: Այն հակառակում է համոզելու հանրությանը:
- Սակայն, հարկ է նշել, որ խրախուսելի է պետությանը հասցված աղետալի վնասների մասին ինքնախոստովանականը: Այս մի բանով Ալեն Սիմոնյանը կարող է զբաղվել օրուգիշեր, քանի որ փաստական նյութն ահռելի ծավալ ունի»:




























