Թուրքիայի փրկարար ծառայությունները որոնում են Միջերկրական ծովում խորտակված առեւտրային նավի անձնակազմի ինը անդամներին։ Նավը շարժվում էր դեպի ուկրաինական Իզմայիլ նավահանգիստ։ Այս մասին չորեքշաբթի հայտարարել է Անթալիայի նահանգի նահանգապետ Էրսին Յազիջին։

«Դեմիրորեն» գործակալության տվյալներով՝ նավի վրա եղել է անձնակազմի 14 անդամ, նրանցից 5-ը փրկվել է։

Թուրքական առափնյա պահպանության հայտարարության մեջ ասվում է, որ Գվինեա-Բիսաու դրոշով նավը, որը Իսկենդերունից ուղեւորվում էր Իզմայիլ, խորտակվել է ապրիլի 5-ին տեղական ժամանակով ժամը 03:47-ին, Կումլուջա քաղաքի ափերի մոտ: Որոնողափրկարարական աշխատանքներին մասնակցում են երկու ուղղաթիռներ եւ առափնյա պահպանության ինքնաթիռը: Կումլուջայի գլխավոր դատախազությունը  սկսել է միջադեպի հետաքննությունը։