Եվրահանձնաժողովը մակրոֆինանսական աջակցության շրջանակներում Մոլդովայի Հանրապետությանը հատկացնում է 50 միլիոն եվրոյի երկրորդ փոխտվությունը։ Հանձնաժողովը նշում է, որ այդ օգնությունը կարեւոր աջակցություն է ԵՄ-ի կողմից այն երկրներից մեկի համար, որն առավել շատ է տուժել Ուկրաինայի դեմ Ռուսաստանի ագրեսիվ պատերազմից, հաղորդում է «Ռադիո Մոլդովան»։
«Պատերազմը զգալի ազդեցություն ունեցավ Մոլդովայի տնտեսության վրա։ Այս աջակցությունը կօգնի Մոլդովային բավարարել ֆինանսավորման հրատապ կարիքները եւ կաջակցի մակրոտնտեսական կայունությանն ընդհանուր առմամբ, ինչպես նաեւ թույլ կտա լայնածավալ բարեփոխումներ իրականացնել»,-ասվում է Եվրահանձնաժողովի մամուլի հաղորդագրության մեջ:
Մակրոֆինանսական օգնությունը վկայում է այն ջանքերի մասին, որոնք ԵՄ-ն ձեռնարկել է՝ օգնելու Մոլդովայի Հանրապետությանը հաղթահարել վերջին տարիների մարտահրավերները եւ առաջ շարժվել եվրոպական ինտեգրման ճանապարհով:
Այսօր նաեւ Մոլդովայի Հանրապետությունը ԵՄ-ից ստացել է 10 միլիոն եվրոյի դրամաշնորհ: 40 մլն եվրոյի չափով լրացուցիչ վճարը կփոխանցվի մայիսի սկզբին՝ վարկերի տեսքով, ասվում է Եվրահանձնաժողովի հայտարարության մեջ:
Եվրահանձնաժողովը 50 միլիոն եվրոյի առաջին փոխտվությունը հատկացրել է 2022 թվականի օգոստոսին։ Ավելի ուշ՝ հունվարին, հանձնաժողովն առաջարկել է մակրոֆինանսական օգնությունն ավելացնել մինչեւ 145 մլն եվրո: Առաջարկը քննարկվում է Եվրոպական խորհրդարանի եւ ԵՄ Խորհրդի կողմից:





























