Չիկագոյում ոստիկանությունը շրջափակել է Trump International Hotel and Tower շենքը, կան տեղեկություններ, որ շենքում զինված կին է գտնվում, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։
Fox News-ի հաղորդմամբ՝ շենքի մոտ են գտնվում ոստիկանները, այդ թվում՝ հատուկ նշանակության ջոկատայինները, տրանսպորտի համար արգելափակված է մոտակա փողոցը: Քաղաքային ոստիկանությունը հաստատել է, որ այնտեղ է գտնվում ստացված ահազանգով, սակայն մանրամասներ չի հայտնում:
Ինչպես իր հերթին հայտնում է Chicago Sun Times պարբերականը, ոստիկանությունը ժամանել է այն հաղորդագրությունների պատճառով, որ կեսօրից քիչ առաջ շենք է մտել հրացանով զինված մի կին: Աղբյուրները հայտնում են, որ միջադեպը կենցաղային բնույթ է կրում եւ դեռեւս չի կապվում ահաբեկչության հետ: Նշվում է, որ կինը գտնվում է շենքի այն հատվածում, որտեղ գտնվում է հյուրանոցը, դրա մուտքերն ու ելքերը արգելափակված են ոստիկանության կողմից:
Շենքը կրում է ԱՄՆ նախկին նախագահի անունը եւ պատկանում է նրան։ Նախօրեին նրան պաշտոնական մեղադրանքներ էին ներկայացվել։ Շենքում տեղակայված են բնակարաններ եւ հինգաստղանի հյուրանոց:





























