Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը սեպտեմբերի 23-ին ընդունել է ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ղեկավար, դեսպան Սերգեյ Կապինոսին` դիվանագիտական առաքելությունը Հայաստանում ավարտելու կապակցությամբ:

Հայաստանի ՊՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ հանդիպման ընթացքում քննարկվել են ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի եւ Հայաստանի պաշտպանության նախարարության միջեւ համագործակցության ընդլայնման հեռանկարները: Երկուստեք կարեւորվել է զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության եւ զինծառայողների իրավագիտակցության բարձրացման ուղղությամբ համատեղ ծրագրերի իրականացումը:

Պաշտպանության նախարարը շնորհակալություն է հայտնել դեսպան Կապինոսին ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ցուցաբերած փորձագիտական աջակցության համար, որի արդյունքում փոփոխություններ են նախատեսվում ՀՀ զինված ուժերի Կարգապահական կանոնագրքում, ռազմակրթական ծրագրերում ներդրվել է «Առաջնորդությունը զինված ուժերում» դասընթացը, իսկ առաջիկայում ներդրվելու է նաեւ «Մարդու իրավունքները զինված ուժերում» դասընթացը:

ԵԱՀԿ-ի եւ ՀՀ պաշտպանության նախարարության միջեւ վերջին տարիների արդյունավետ համագործակցության մեջ ունեցած ավանդի համար նախարար Օհանյանը դեսպան Կապինոսին պարգեւատրել է «Ռազմական համագործակցության համար» գերատեսչական մեդալով: