A/H1N1 վիրուսից, որ ավելի հայտնի է որպես «խոզի գրիպ», այսօր՝ հոկտեմբերի 29-ին, մահացության առաջին դեպքն է գրանցվել Կրասնոյարսկում։ Ինչպես հայտնում է «Вести»-ն, վտանգավոր վիրուսի զոհ է դարձել 39-ամյա մի կին, ով հիվանդանոց է հասցվել ծանր վիճակում։
Կրասնոյարսկի երկրամասի առողջապահության նախարար Վադիմ Յանինի խոսքով, վարկած կա, որ կինը փորձել է տնային պայմաններում ինքնաբուժությամբ զբաղվել, եւ բժիշկներին չի հաջողվել փրկել նրան։
Վերջին տվյալներով, Կրասնոյարսկում գրանցվել է հիվանդության 399 հաստատված դեպք, 51 մարդ էլ հոսպիտալացվել են վտանգավոր հիվանդության կասկածանքով։
Հիշեցնենք, որ սա Ռուսաստանում «խոզի գրիպ»-ից մահացության հինգերորդ դեպքն է։ Ավելի վաղ, երեք դեպքեր էին գրանցվել Անդրձբայկալում եւ մեկը՝ Մոսկվայում։




























