Բորբակ Բայրան, ով մեղադրվում է այն բանում, որ կրակել է անչափահասների վրա, որոնցից մեկը նախօրեին հիվանդանոցում մահացել էր, հոկտեմբերի 29-ին բնակության վայրը չփոխելու մասին ստորագրությամբ բաց է թողնվել, հայտնում է Газета.ru-ն։

Քննության ընթացքում, ինչպես հայտնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Տուվայի քննչական մարմնին, տեսուչը հեռացվել է ծառայողական պարտականությունների կատարումից։ Բազմակողմանի հետաքննության անցկացման համար Ռուսաստանի ներքին գործերի նախարար Ռաշիդ Նուրգալիեւը Տուվա է ուղարկել Ռուսաստանի ՆԳՆ կենտրոնական ապարատի աշխատակիցներին։ «Вести»-ի տվյալներով, նա պաշտոնից հեռացրել է նաեւ ՆԳՆ ղեկավար Վիկտոր Լեսնյակին։

Իմիջիայլոց, ինչպես հայտնում է «Тува-Онлайн»-ը, վկայակոչելով հանրապետության օրինապահ մարմիններին, այսօր Լեսնյակը ընդհատել է արձակուրդը եւ վերադարձել է աշխատանքի։ Ավելին, ինչպես հայտարարել է նախարարի պաշտոնակատար, նրա տեղակալ Ալեքսեյ Կորնեեվը «նախարարությունը Լեսնյակի հեռացման մասին ոչ մի փաստաթուղթ դեռեւս չի ստացել»։

Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, դեպքը տեղի է ունեցել հոկտեմբերի 25-ին, երբ ոստիկանության աշխատակից Բորբակ Բայրան Կիզիլ-Մաժալիկ գյուղում կանգնեցրել է ավտոմեքենան, որի մեջ անչափահասներ են եղել։ Ոստիկանության աշխատակիցը վարորդին պահանջել է դուրս գալ ավտոմեքենայից, բայց նա, ոստիկանի խոսքով, սպառնացել է՝ գրպանից ատրճանակի նման մի առարկա հանելով։ Այդ ժամանակ ոստիկանը կրակել է դպրոցականի վրա։ Գնդակը, անցնելով անչափահասի պարանոցի միջով, կպել է ավտոմեքենայում գտնվող 17-ամյա աղջկան։ Հայտնվել է նաեւ, որ նախօրեին հիվանդանոցում վախճանված երիտասարդը հարբած վիճակում է վարել մեքենան։ Սակայն բժշկական փորձաքննությունը անչափահասների արյան մեջ ալկոհոլ չի հայտնաբերել։

Միեւնույն ժամանակ, պետավտոտեսուչի գործողությունների օրինականությունն այսօր հաստատել է Տուվայի ՆԳՆ-ը, հայտնում է ՌԻԱ Նովոստին։ Դեպքի առնչությամբ Տուվայի Կիզիլ-Մաժալիկ գյուղում սգո օր է հայտարարվել։