Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը ուրբաթ օրը հայտարարել է, որ Կոսովոյի հյուսիսում էթնիկ սերբերը չեն մասնակցի տեղական ընտրություններին, որոնք պետք է տեղի ունենան այս ամսվա վերջին, մի քայլ, որը, ամենայն հավանականությամբ, կխորացնի Պրիշտինայի կառավարման շուրջ առկա տարաձայնությունները, հաղորդում է Reuters-ը։
Սերբիային սահմանակից չորս մունիցիպալիտետները չեն ճանաչում Պրիշտինայի իշխանությունները եւ Բելգրադը համարում են իրենց մայրաքաղաքը:
Շրջանի սերբ պաշտոնյաները, վարչական անձնակազմը, դատավորները եւ ոստիկանները հրաժարական են տվել 2022 թվականի նոյեմբերին՝ ի նշան բողոքի սերբական ավտոմեքենաների պետհամարանիշները Կոսովոյով փոխարինելու Պրիշտինայի ծրագրի դեմ։
Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները հետաձգվել են մինչեւ 2022 թվականի դեկտեմբեր այն բանից հետո, երբ սերբերը փակել են ճանապարհներն ու սահմանային անցումները:
Հյուսիսային Կոսովոյի սերբերի ներկայացուցիչները, ներառյալ Բելգրադի կողմից աջակցվող «Սերբական ցուցակ» կուսակցությունը, ցանկանում են, որ նախքան քվեարկությանը մասնակցելը ստեղծվի Կոսովոյի սերբերի մունիցիպալիտետների ասոցիացիա:
Կոսովոյի վարչապետ Ալբին Կուրտին բազմիցս կոչ է արել սերբերին մասնակցել տեղական քվեարկությանը:
Պրիշտինան եւ Բելգրադը ԵՄ աջակցությամբ բանակցություններ են վարում արդեն մոտ 10 տարի։ Կոսովոն անկախություն է հռչակել 2008 թվականին՝ պատերազմից գրեթե տասը տարի անց, որը վերջ դրեց սերբական կառավարմանը։
Սերբիան շարունակում է Կոսովոն դիտարկել որպես անջատված նահանգ, եւ երկու երկրների միջեւ բռնության բռնկումները մեծացրել են հակամարտության վերսկսման հետ կապված մտահոգությունները:





























