Մալայզիան շաբաթ հայտարարել է, որ կպաշտպանի իր ինքնիշխան իրավունքներն ու շահերը Հարավչինական ծովում այն բանից հետո, երբ Չինաստանն անհանգստություն է հայտնել ծովի մի հավածում, որին հավակնում է նաեւ Չինաստանը, մալայզիական էներգետիկ նախագծերի հետ կապված, տեղեկացրել է Reuters-ը։

Մալայզիայի վարչապետ Անվար Իբրահիմը երեքշաբթի հայտարարել է, որ Չինաստանն անհանգստացած է Petronas պետական էներգետիկ ընկերության գործունեությամբ Հարավչինական ծովի այն հատվածում, որը Մալայզիան համարում է իր տարածքը։

Անվարը հայտարարել է, որ պատրաստ է բանակցել Չինաստանի հետ, ինչն առաջացրել է ընդդիմության քննադատությունը, որը հայտարարել է, որ Անվարը վտանգում է Մալայզիայի ինքնիշխանությունը։

Երկրի արտաքին գործերի նախարարությունը շաբաթ հայտարարել է, որ Անվարի մեկնաբանությունը նշանակում է, որ Մալայզիան կցանկանար, որպեսզի Հարավչինական ծովի հետ կապված բոլոր հարցերը լուծվեն խաղաղ ճանապարհով եւ առանց Մալայզիայի դիրքերին վնասելու։

«Մալայզիայի կառավարությունը ոչ երկիմաստորեն նշել է, որ պատրաստ է պաշտպանել Մալայզիայի ինքնիշխանությունը, ինքնիշխան իրավունքներն ու շահերը Հարավչինական ծովի իր տարածքներում»,- ասել են նախարարությունում։

Չինաստանը հավակնում է գրեթե ամբողջ Հարավչինական ծովին, որով ամեն օր մոտ 3 տրլն դոլարի առեւտուր է կատարվում։ Մալայզիան, Բրունեյը, Ֆիլիպինները, Թայվանը եւ Վիետնամն ունեն իրենց խաչվող հավակնությունները։

Մալայզիական Petronas ընկերությունը շահագործում է նավթի եւ գազի հանքավայրեր Մալայզիայի բացառիկ տնտեսական գոտում եւ վերջին տարիներին մի քանի անգամ բախվել է  չինական նավերի հետ։

Չինաստանը հայտարարում է իր հավակնությունների մասին՝ վկայակոչելով իր քարտեզների «ինը կետագծերը», որոնք հատում են Վիետնամի, Ֆիլիպինների, Մալայզիայի, Բրունեյի եւ Ինդոնեզիայի բացառիկ տնտեսական գոտին։

Սակայն Միջնորդ դատարանի Մշտական պալատը 2016թ. որոշում էր կայացրել, որ ինը կետագծերը իրավաբանական հիմք չունեն։

Անվարը հայտարարել է, որ այս շաբաթ Petronas-ը կշարունակի իր գործունեությունը Հարավչինական ծովում։