17 մետրանոց կաշալոտը մահացել է Բալիի լողափ նետվելուց հետո, կիրակի տեղեկացրել է բնապահպանական ծառայության ներկայացուցիչը։ Սա արդեն կետանմանների երրորդ զոհված ներկայացուցիչն է։

Կաշալոտի արուն գտնվել է Բալիի արևմտյան Ջեմբրան շրջանի Յեխ Լեխ լողափի ծանծաղուտում։

«Ներկայումս փորձում ենք մարմինն ափ հանել նեկրոպսիայի անցկացումը հեշտացնելու համար և ուսումնասիրությունից հետո կթաղենք այն»,- կիրակի AFP-ին է հայտնել ծովային և ձկնային գործերով տեղական փորձագետ Պերմանա Յուդիսարոն։

Մինչ այդ՝ ապրիլի 1-ին, Թաբանանա լողափի ծանծաղուտ էր նետվել ավելի քան երկու տոննա քաշով և առնվազն 11 մետր երկարությամբ կետաձուկ, որի մարմինն արդեն փտել էր, երբ տեղաբնակները հայտնաբերել էին այն։

Յուդիսարոն տեղեկացրել է, որ կասկածում են, որ շաբաթ օրը հայտնաբերված կաշալոտը մահացել է նույն հիվանդւթյունից, ինչ մի քանի օր առաջ գտնված կետաձուկը։

Փորձագետը հայտնել է, որ նեկրոպսիայի անցկացման համար առնվազն երեք շաբաթ է անհրաժեշտ, սակայն դատաբժշկական փորձագետները արյունահոսություն են հայտնաբերել կետաձկան թոքերում, իսկ նրա հաստ աղիքը լցված է եղել հեղուկով։

2018 թ․ Ինդոնեզիայում հայտնաբերվել է կաշալոտ, որի ստամոքսում ավելի քան 100 պլաստիկ բաժակ ու 25 պլաստիկ փաթեթ է եղել, ինչն անհանգստություն է առաջացրել Հարավարևելյան Ասիայի արշիպելագում ծովային աղբի զանգվածային խնդրի առիթով։

Ինդոնեզիան ծովային աղբի առումով աշխարհի երկրորդ երկիրն է Չինաստանից հետո։