ԱՄՆ Նյու Ջերսիի մզկիթներից մեկում տղամարդը հարձակվել է իմամի վրա և դանակի մի քանի հարված հասցրել նրա մեջքին, հարձակվողը ձերբակալվել է, հայտնում է NBC-ն։
Նշվում է, որ հարձակումը տեղի է ունեցել կիրակի օրը Պատերսոն քաղաքի մզկիթում։
«Երբ նրանք աղոթքի ժամանակ ծնկի եկան, այդ տղամարդը հանեց դանակը և հարձակվեց իմամի վրա՝ դանակով մի քանի անգամ հարվածելով նրա մեջքին», - հայտնել է մզկիթի ներկայացուցիչ Աբդուլ Համդենը: Նա հավելել է, որ հավատացյալները նետվել են տղամարդու վրա և պահել նրան, մինչև ժամանել են ոստիկանները և հարձակվողին բերման ենթարկել։ Ինչպես հայտնել է տեղի ոստիկանությունը, հարձակվողին՝ 32-ամյա Սերիֆ Զոբրային, մի շարք մեղադրանքներ են առաջադրվել, այդ թվում՝ մահափորձ։ Իշխանությունները հետաքննում են միջադեպը, պարզվում է տղամարդու արարքի դրդապատճառը։ Գործակալության տվյալներով՝ Զոբրան հարձակումից առաջ մի քանի անգամ այցելել է մզկիթ։
Պատերսոնի քաղաքապետ Անդրե Սայեն հայտնել է, որ իմամը հիվանդանոցում է: Նա նաեւ վստահեցրել է, որ քաղաքի մզկիթների մոտ անվտանգությունը կուժեղացվի։





























