Երեւանում այսօր աշխատանքներն սկսեց ԱՊՀ երկրների պետական արխիվային ծառայությունների ղեկավարների խորհրդատվական խորհրդի նիստը եւ Արխիվների միջազգային խորհրդի եվրասիական տարածաշրջանի 10-րդ համաժողովը: Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է Տարածքային կառավարման նախարարությունից, միջոցառումներին մասնակցելու համար Հայաստան են ժամանել Բելառուսի, Լատվիայի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի, Ուզբեկստանի եւ Ուկրաինայի պետական արխիվային ծառայությունների ղեկավարներն ու մասնագետները: Համաժողովի մասնակիցներին ուղերձ էր հղել ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը:

Արխիվային գործի մասնագետները կքննարկեն արդյունավետ համագործակցության, արխիվային փաստաթղթերի կառավարման գործում նորագույն տեխնոլոգիաների ներդրմանը վերաբերող հարցեր:

Համաժողովում ՀՀ տարածքային կառավարման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանը նշել է, որ Հայաստանի իշխանությունները խորապես գիտակցում են արխիվային գործերի դերն ու կարեւորությունը, քայլեր են ձեռնարկվում այս կառույցը ժամանակակից տեխնիկայով հագեցնելու, կադրերի պատրաստման, աշխատանքային պայմանների բարելավման ուղղությամբ:

ԱՊՀ երկրների պետական արխիվային ծառայությունների ղեկավարների խորհրդատվական խորհրդի նիստը եւ Արխիվների միջազգային խորհրդի եվրասիական տարածաշրջանի 10-րդ համաժողովն աշխատանքները կշարունակի մինչեւ հոկտեմբերի 31-ը: