«Թուրքիան անընդհատ կրկնում է, որ մինչեւ Ղարաբաղի հարցում առջընթաց չնկատվի՝ հայ-թուրքական սահմանը չի բացվի։ Եթե նույնիսկ արձանագրություններում այս հարցը բարձրացված չէ, ապա միեւնույնն է՝ Թուրքիան անդրադառնալու է Ղարաբաղի խնդրին»,- այս մասին հոկտեմբերի 29-ին «Իրավունք դե ֆակտո» ակումբում հայտարարեց ՀԺԿ վարչության քարտուղար Գրիգոր Հարությունյանը։

Նա արձանագրությունների կետերի մեջ անհանգստացնեղ ձեւակերպումներ է տեսնում եւ հավաստիացնում է, որ դրանք կբացահայտվեն, երբ արձանագրությունները մասնատվեն եւ քննարկվեն առանձին-առանձին։

«Հայաստանը չունի արտաքին քաղաքականություն, այն գրվում է „այնտեղ“ եւ „այնտեղից“ է թելադրվում»,- ընդգծեց ՀԺԿ քարտուղարը՝ չնշելով, ոչ մի գերտերության անուն։

Կուսակցական գործիչը համոզված է, որ արձանագրությունները երկու խորհրդարանների կողմից էլ վավերացվելու են։

«Ես վստահ եմ, որ թե հայկական, եւ թե թուրքական կողմերը գրիչները արդեն հանել են այդ փաստաթուղթը ստորագրելու համար»,- պնդում է նա, ընդգծելով այն հանգամանքը, որ այդ պատճառով էլ իշխանությունները վստահություն չեն ներշնչում ժողովրդին։