«Թուրքիան շարունակելու է կառուցել իր հարաբերությունները Իսրայելի հետ՝ հենվելով օբյեկտիվության եւ անաչառության վրա»,- Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թաիփ էրդողանին է մեջբերում Hurriyet պարբերականը։ Նա այդ մասին հայտարարել է Իրան կատարած այցի ժամանակ։ Խոսելով Իսրայելի նախագահ Շիմոն Պերեսի առջեւ հանրորեն արտահայտած իր վրդովմունքից, որի պատճառը Գազայի հատվածում ծավալված գործողություններն էին, Էրդողանն ասել է, որ դա նախօրոք ծրագրված չի եղել եւ ամեն ինչ ինքնստինքյան է ստացվել։ Սխալ է իմ գործողությունները մեկնաբանել իբրեւ շրջադարձ դեպի Արեւմուտք։ Թուրքիայի մի մասը շրջված է դեպի արեւմուտք, մյուսը՝ արեւելք"։
Հարցին, թե որն էր Իրան կատարած նրա այցի գլխավոր նպատակը, Էրդողանը պատասխանել է, որ երկու երկրների միջեւ առեւտրային գործարքների ծավալների ավելացումն էր նպատակը։ Նրա խոսքով «այդ գործարքների ծավալները 2011 թվականին պետք է հասնեն 20 մլրդ դոլարի։ Իրանի փոխնախագահ Մոհամեդ Ռեզա Ռահիմին 30 մլրդ դոլարի չափով գումար է առաջարկել, իսկ մենք դեմ չենք եղել»։
Նշենք, որ Անկարան եւ Թեհրանը վերջապես ստորագրեցին հուշագիր գազի արտադրության ոլորտում համագործակցելու շուրջ։ Թուրքիայի էներգետիկայի նախարար Թաներ Յըլդըզը հայտնել է, որ Թուրքիան մտադիր է ներդնել շուրջ 4 մլրդ դոլար Հարավային Փարսում, որտեղից մտադիր է ստանալ 35 մլրդ խմ գազ։ Ստացված գազի կեսը օգտագործվելու է Թուրքիայում, իսկ մնացած մասը Թուրքիայի տարածքով կտեղափոխվի եվրոպական շուկա։




























