«Եթե իշխանությունում մեկը համարձակվում է 9 մլն հայությանն անվանել տականք միայն այն բանի համար, որ այդ 9 միլիոնը դեմ է հակահայկական այդ արձանագրություններին, ապա ինձ էլ է տականք անվանել։ Սա մարտահրավեր է։ Ընդունում եմ այդ մարահրավերը»։ Հոկտեմբերի 29-ին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց «Անկախության բանակ ռազմաքաղաքական միավորման» Հոկտեմբերյանի շրջանի միայցալ ջոկատների հիմնադիր հրամանատար Լյովա Սահակյանը։

Շարունակելով իր միտքը՝ Սահակյանն ասաց, որ եթե խորհրդարանական մեծամասնության ներկայացուցիչը իր կուսակիցների կողմից պատասխան չի ստանում արած հայտարարության համար, նշանակում է, արտահայտում է կառավարող կուսակցության տրամադրությունը ։

«Եթե ինքը՝ իրեն դիտելով որպես քաղաքական գործիչ, իրավունք ունի նման հայտարարություն անելու, ապա մենք՝ ազատամարտիկներս, իրավունք ունենք ընդունելու մարտահրավերը։ Թուրքը երբեք չի համաձակվել մեզ տականք անվանել»։

Հիշեցնենք, որ ՀՀԿ կուսակցության փոխնախագահ Գալուստ Սահակյանը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հոկտեմբերին կատարած համահայկական ուղեւորության ժամանակ բողոքի ակցիաներ կազմակերպած սփյուռքահայերին անվանել էր «ազգի տականք» -ներ։

Սահակյանը համոզված է, որ Սփյուռքի մեծամասնությունը դեմ է հայ-թուրքական արձանագրություններին։