«Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանի դատավարության հոկտեմբերի 29-ին կայացած նիստին մեղադրական կողմը դատարան էր հրավիրել Ռիտա Եփրեմյան անուն-ազգանունով մի վաճառողուհու։ Նրա խոսքը բուռն ծիծաղի պահեր պարգեւեց դահլիճին:

Վկան, որ, իր խոսքով, 2007թ. հոկտեմբերի 23-ին աշխատելիս է եղել «Ուրարտու» խանութի դիմացի մայթին գտնվող հագուստի խանութում, իր ցուցմունքներով հերքեց նախորդ երկու վկաներին եւ «տուժող» ոստիկանին: Նախ նա հայտարարեց, թե դեպքը տեղի է ունեցել ժամը 2-3-ի սահմաններում, մինչդեռ նախորդները հայտարարել էին ժամը 19-ը: Եփրեմյանը նաեւ ասաց, թե ցուցարարները «Ուրարտու» խանութի մոտ են եկել «ներքեւից», այլ ոչ թե Կորյունի փողոցից, ինչպես պնդում էին մյուս վկաները: Վկան, որ շուրջ մեկ տարի աշխատել էր հագուստի խանութում, չգիտեր, թե ինչպես է կոչվում Երեւանի կենտրոնական փողոցներից մեկը՝ Աբովյանի փողոցը: Ավելին, հարցաքննությունից պարզվեց, որ նա իրականում չի էլ աշխատել խանութում, քանի որ պարզապես հայտարարեց, թե իրենց խանութի վրա ոչ մի մակագրություն չկա, մինչդեռ այդ խանութի վրա գրված է «Հագուստ Ամերիկայից»:

Մեղադրողներ Կորյուն Փիլոյանն ու Հարություն Հարությունյանը սկսեցին հարցեր տալ վկային, որ վերջինս նորմալ ցուցմունք տա, սակայն ավելի խճճեցին Ռիտային: Իսկ դատավոր Մնացական Մարտիրոսյանն էլ կարմրատակած մեկը մյուսի ետեւից հանում էր պաշտպան Լուսինե Սահակյանի հարցերը, որ անհեթեթ դրության մեջ էին գցել վկային:

Ի դեպ, վկան լուրջ դեմքով հայտարարեց, թե չի լսել, թե ինչ են վանկարկել մոտ 150 ցուցարարները, բայց լավ հիշում էր, որ ոստիկանները նրանցից պահանջել են ազատել փողոցը:

Իսկական խառնաշփոթ սկսվեց, երբ պաշտպան Լուսինե Սահակյանը փորձեց վկայից ճշտել, թե իրեն ինչպես են այսօր հրավիրել դատարան, երբ նա մի քանի անգամ փոխել է բնակության վայրը:

Ինչեւէ, Ռիտա Եփրեմյանը, իր խոսքերով, ճանաչել է հավաքվածներին որպես ցուցարար "նրանց ձեռքին առկա դրոշակներով եւ «ցուցափեղկերով»: «Այսինքն, եթե դրոշակ կա ձեռքին, ուրեմն ցուցարար է»,- Նիկոլ Փաշինյանի այս հարցին վկան դրական պատասխան տվեց: «Դուք դահլիճում ցուցարար տեսնո՞ւմ եք»,- հարցրեց Փաշինյանը, «Ոչ»,- պատասխանեց վկան: «Ինչպե՞ս, իսկ դատավորի մոտ դրոշ չկա՞»,- ցույց տալով Մարտիրոսյանի կողքի դրոշը հարցրեց Փաշինյանը: Հարցը, սակայն մնաց անպատասխան, քանի որ դահլիճն ուղղակի սկսեց քրքջալ, իսկ դատավորը ընդմիջում հայտարարեց եւ հեռացավ դահլիճից:

Հիշեցնենք, որ 2007թ. հոկտեմբերի 23-ին ընդդիմության ներկայացուցիչները քաղաքացիներին իրազեկում էին հանրահավաքի մասին, երբ Աբովյան-Կորյուն խաչմերուկում նրանց վրա էին հարձակվել ոստիկաները, եւ դաժան ծեծի ենթարկել մի խումբ լրագրողների, մի մասին էլ, այդ թվում եւ Նիկոլ Փաշինյանին, տեղափոխել էին ոստիկանական բաժիններ: Այժմ էլ ՀԺ-ի խմբագրի վրա նաեւ ոստիկանության աշխատակցի նկատմամբ բռնություն գործադրելու մեղադրանք է առաջադրված:

Դատարանը նաեւ հասցրել է լսել այսօրվա երկրորդ վկային՝ Վարսենիկ Զուրաբյանին: Վերջինս, որ 2007թ. հոկտեմբերի 23-ին աշխատելիս է եղել Աբովյան փողոցում գտնվող «Ուրարտու» խանութում հայտարարել է, թե տեսել մեծ բազմություն, սակայն որեւէ միջադեպ, կամ ոստիկանների ու ցուցարարների միջեւ բախում չի տեսել: Վկան նաեւ հայտարարեց, որ քննիչն իրեն հարցաքննել է հենց խանութում, ինչը քր.դատ.օր.ով արգելված է:

Այսօր դատարան ներկայացած մյուս վկաները անձնագրերով չէին եկել, ուստի դատարանը չէր կարող հարցաքննել նրանց, եւ դատական նիստը հետաձգեց մինչեւ նոյեմբերի 3-ը, ժամը 12-ը:

Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի