Թուրքիայում նախընտրական քարոզարշավը լարված է ընթանում, երկրի շրջաններում կուսակցությունների շենքերի վրա զինված հարձակումները մտահոգիչ են, ընտրությունների գիշերը պետք է զգույշ լինել, գրում է Hürriyet թերթը:
Թուրքիայի իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության գրասենյակներից մեկն ավելի վաղ գնդակոծվել է Ստամբուլում, տուժածներ չկան, հայտնել է նահանգապետի գրասենյակը: Նահանգապետի հայտարարության համաձայն՝ երկու չարագործները Բահչելիեւլեր շրջանում անցել են կուսակցության շենքի կողքով եւ հինգ անգամ օդ կրակել: Կուսակցության գրասենյակի վերին հարկում հայտնաբերվել են չորս փամփուշտի հետքեր։ Նմանատիպ հարձակում է տեղի ունեցել նաեւ «Լավ» կուսակցության (İyi parti) դեմ, որի առաջնորդ Մերալ Աքշեները դրանում մեղադրել է իշխանություններին։
«...Նախընտրական քարոզարշավն իսկապես շատ լարված է։ Կուսակցությունների շենքերի վրա արձակված փամփուշտներն ինձ անհանգստացնում են։ Մենք չենք գնում պատերազմի, մենք գնում ենք ընտրությունների։ Ընտրությունները նշանակում են ժողովրդավարության տոն։ Իսկ փամփուշտնե՞րը, իսկ զե՞նքը։ Տարօրինակ բաներ են տեղի ունենում։ Ընտրությունների գիշերը զգույշ եղեք»,-գրում է թերթի սյունակագիր Աբդուլքադիր Սելվին։
Թերթը նշում է, որ կառավարության վերջին քայլերը, մասնավորապես, երկրի հարավ-արեւելքում ավերիչ երկրաշարժերի շրջանում տների հանձնման գործընթացի մեկնարկը, հայրենական TOGG էլեկտրամոբիլը, ինչպես նաեւ սեւծովյան գազի միացումը բաշխիչ համակարգին «բարձրացրել են ընտրողների վստահության մակարդակը»։
Թուրքիայում նախագահական եւ խորհրդարանական ընտրությունները նախատեսված են մայիսի 14-ին: Պետության ղեկավարի պաշտոնի հիմնական հավակնորդներն են համարվում Թուրքիայի գործող նախագահ 69-ամյա Թայիփ Էրդողանը՝ որպես «Հանրապետական դաշինքի» միասնական թեկնածու, եւ ընդդիմադիր «Ժողովրդական դաշինքի» թեկնածու 74-ամյա Քեմալ Քըլըչդարօղլուն:





























