ԵԽԽՎ-ի մոնիտորինգային հանձնաժողովի սեպտեմբերի 8-ին ընդունված բանաձեւի նախագծի տեքստն իր մեջ հայաստանյան հասարակության համար անընդունելի մի շարք դրույթներ է պարունակում եւ բացարձակապես չի արտահայտում Հայաստանում առկա մթնոլորտը: Այս մասին ասված է «Իրավունքի եւ ազատության կենտրոն» ՀԿ-ի նախագահ Վարդան Հարությունյանի` ԵԽԽՎ-ին ուղղված նամակում:
Նամակում, մասնավորապես, ասված է.«Հատկապես մտահոգիչ են 2008թ մարտի 1-ի 10, դեռեւս չբացահայտված, սպանությունների էջը փակված համարելու եւ Հայաստանում արտահերթ ընտրություններ անցկացնելու աննպատակահարմարության մասին անհիմն պնդումները: Մենք տեղյակ ենք, որ Հայաստանի հարցով համազեկուցողները Հայաստանում ստացել են բազմակողմանի տեղեկատվություն հնարավոր բոլոր աղբյուրներից, լավ տիրապետում են մեր երկրում առկա իրավիճակին եւ նրանց կողմից նախագծի նման տարբերակ առաջարկելն առնվազն տարօրինակ է:Եւ իրավապաշտպան միջազգային ու տեղական կազմակերպությունների կողմից, եւ եվրոպական կառույցների, այդ թվում եւ ԵԽԽՎ կողմից, եւ ԱՄՆ պետդեպի կողմից բազմիցս հրապարակայնորեն դատապարտվել է այն փաստը, որ ՀՀ գործող իշխանությունները 2008-ի նախագահական կեղծված ընտրություններից հետո սկիզբ առած բազմահազարանոց բողոքի ցույցերը ցրելու նպատակով 2008թ մարտի 1-ին խաղաղ ցուցարարների դեմ օգտագործել են բանակը, զինված ոստիկանությունը, ռազմական տեխնիկա ու հրազեն, ինչի արդյաունքում, 150-ից ավել մարդ քաղբանտարկյալի կարգավիճակով հայտնվել են բանտերում, 200-ից ավելը վիրավորվել են, իսկ տասը` զոհվել:
Անցած այս երեք տարիների ընթացքում իշխանությունները ոչ միայն որեւէ քայլ չեն ձեռնարկել մարտի 1-ի գործի բացահայտման ուղղությամբ, այլեւ խոչնդոտել են այդ ուղղությամբ տարվող աշխատանքներին: Նրանք անգամ թույլ չտվեցին, որ միջազգային կառույցների եւ հայաստանյան հանրության ճնշման արդյունքում ստեղծված մարտի 1-ի գործը ուսումնասիրող փաստահավաք խումբը շարունակի իր աշխատանքները եւ այն լուծարեցին: Քանի դեռ մարտի 1-ի գործը չի բացահայտվել եւ սպանությունների ու կատարած բռնությունների մեղավորներն արդար ու անկաշկանդ դատարանի առաջ պատասխան չեն տվել ոչ ոք, այդ թվում եւ ԵԽԽՎ-ը, չի կարող բացառել, ու այն չի կրկնվելու: Ոչ ոք որեւէ բարոյական իրավունք չունի պնդելու թե Հայաստանի ժամանակակից պատմության այդ էջն այլեւս փակված է: Էլ չենք խոսում այն մասին, որ կեղծված ընտրությունների հետ չհմակերպվող ժողովուրդը միշտ էլ արտահերթ ընտրություններ պահանջելու իրավունք ունի:
Մեր այս նամակով հույս ենք հայտնում, որ բանաձեւի այս նախագիծը, որ ակնհայտորեն ուղղված է Հայաստանում քաղաքական հալածանքների, բռնաճնշումների ու մարդկային զոհերի գնով իշխանության եկած վարչախմբի դիրքերի ամրապնդմանը եւ պատիվ չի բերում ԵԽԽՎ-ին ու արժեզրկում է այս տարիների ընթացքում ԵԽԽՎ կատարած ողջ աշխատանքը Հայաստանում, հոկտեմբերին կայանալիք լիագումար նիստում կամ կմերժվի կամ համապատասխանացվելով հայաստանյան իրականությանը կվերախմբագրվի»:




























