Կոալիցիա-Հայ ազգային կոնգրես երկխոսությունը, որպես երկրում ստեղծված իրավիճակի լուծման գործիք, դադարել է գործել, սակայն դրա վերսկսումը չի կարելի բացառել։ Սեպտեմբերի 27-ին, տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարեց Հայ ազգային կոնգրեսի համակարգող Լեւոն Զուրաբյանը։ Նրա խոսքով, երկխոսությունը մղվել է երկրորդական պլան։
«Եթե մի գործիք չի գործում, կարող ես այդ գործիքը չշպրտել, բայց ավելի ազդեցիկ գործիքներ կիրառել»,- նկատեց բանախոսը՝ չբացառելով, որ երկխոսությունը կարող է վերսկսվել արդեն սեպտեմբերից հետո։ «Մենք հո չենք ուզում իշխանության հետ վարվել այնպես, ինչպես Լիբիայի ժողովուրդը վարվեց Քադաֆիի շրջապատի հետ։ Նման պլաններ չունենք։ Մենք իսկապես ցանկանում ենք անցնցում անցում դեպի ժողովրդավարություն։ Մենք ուզում ենք, որ դա կատարվի քաղաքակիրթ, քաղաքական գործընթացի շրջանակներում։ ժամանակ առ ժամանակ երկխոսություն տեղի է ունենում անգամ Լիբիայում»,- նկատեց Զուրաբյանը։
Լրագրողներից մեկի հարցին, թե ո՞րն է ՀԱԿ-ի համար իշխանությունների կողմից «խելամիտ փոխզիջում» ասվածը, կառույցի համակարգողը նկատեց. «Թե ինչը կընկալվի մեր կողմից որպես լուրջ փոխզիջումային քայլ, հիմա չեմ կարող ասել։ Բայց դա պետք է լինի մի քայլ, որ ամբողջ հասարակությանն ապացուցի, որ վարչակազմը գնում է դեպի Հայաստանի ժողովրդավարացում։ Դա պետք է աներկբա լինի»։Լրագրողի ճշգրտմանը՝ այսինքն պարտադիր չէ՞, որ այդ քայլը լինի արտահերթ ընտրութունների միջոցով, Զուրաբյանն ասաց. «Դե գիտեք ինչ, կարող է իրենք ավելի հետաքրքիր մի բան առաջարկեն։ Ես չգիտեմ»։
Նշենք, որ իշխանություն-ՀԱԿ երկխոսությունն օգոստոսին առկախվել էր ՀԱԿ ակտիվիստների հետ տեղի ունեցած հայտնի միջադեպից հետո ակտիվիստ Տիգրան Առաքելյանի անազատության մեջ հայտնվելու հետեւանքով։ ՀԱԿ-ը նրան որակել էր իբրեւ քաղբանտարկյալ եւ նշել, որ երկխոսությունը չի վերսկսվի, քանի դեռ Առաքելյանն ազատ չի արձակվել։




























