Հայաստան-Եվրոպական Միություն համագործակցության ընթացքն է քննարկվել Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի եւ Լիտվայի ԱԳ նախարարի տեղակալ Էվալդաս Իգնատավիչիուսի՝ հոկտեմբերի 29-ին կայացած հանդիպմանը:

Հայաստանի ԱԳՆ մամուլի եւ տեղեկատվության վարչությունից NEWS.am-ին հայտնում են, որ, ողջունելով Լիտվայի արտգործնախարարի տեղակալին` նախարար Նալբանդյանը գոհունակություն է հայտնել երկկողմ հարաբերությունների դինամիկ զարգացման կապակցությամբ եւ ընդգծել, որ Հայաստանը շահագրգիռ է Լիտվայի հետ փոխշահավետ հարաբերությունների խորացման եւ ամրապնդման գործում:

Բանակցությունների ընթացքում երկուստեք կարեւորվել է երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների արդյունավետ համագործակցությունը: Կողմերը բովանդակալից զրույց են ունեցել Հայաստան-Եվրոպական Միություն համագործակցության ընթացքի վերաբերյալ, նաեւ քննարկեցին ԵՄ Արեւելյան գործընկերություն ծրագրին առնչվող հարցեր:

Հանդիպմանը անդրադարձ է կատարվել երկուստեք հետաքրքրություն ներկայացնող տարածաշրջանային եւ միջազգային խնդիրների: