Հայ ժողովրդի համար բարեբախտություն էր, որ Հայաստանում՝ Ռուսաստանի օրինակով, երկրի երկրորդ նախագահը վարչապետ չդարձավ։ Սեպտեմբերի 28-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարեց «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության ղեկավար, Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչ Պետրոս Մակեյանը։

Նրա խոսքով, դա տեղի ունեցավ ի պատիվ Հայ ազգային կոնգրեսի գոյության եւ Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի հրապարակային քաղաքականության։ «Այդ գործընթացը կանխվեց, սակայն Ռոբերտ Քոչարյանը պարբերաբար հիշեցնում է իր գոյությունը, բզբզում է, որպեսզի կրկին վերադառնա։ Սակայն կարծում եմ, որ այսօրվա ռեժիմին, նախագահի աթոռը զբաղեցրած անձին եւ իշխող բուրգին Քոչարյանի վերադարձը ձեռնտու չէ։ Այդ դեպքում իրական երկիշխանություն կլիներ, որը ձեռնտու չէ նաեւ իշխող բուրգին։ Երկու տիրոջ ծառա լինելը միշտ էլ բարդ բան է»,-նկատեց կուսակցության ղեկավարը։

Նրա համոզմամբ, ժողովրդի բախտը բերեց, որ Ռոբերտ Քոչարյանը չվերադարձավ որպես վարչապետ՝ չնայած փորձելու է։ «Ժողովուրդը վերջապես ազատվում է Քոչարյան կոչված կերպարից»,- նկատեց Մակեյանը՝ կրկին շեշետելով, որ Հայաստանի երկրորդ նախագահի վերադարձով Սերժ Սարգսյանը կիսված իշխանություն կունենար:

Ամփոփելով՝ ՀԱԿ ներկայացուցիչը նկատեց, որ Ռուսաստանն ու անձամբ այդ երկրի վարչապետ Վլադիմիր Պուտինը չեն կարող հաշվի չառնել հայ ժողովրդի կարծիքը եւ լավ գիտեն, որ ժողովուրդը Քոչարյանի վերադարձը չի ցանկանում։ Նշենք, որ վերջին ժամանակներս ակտիվորեն շրջանառվում են Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի՝ մեծ քաղաքականություն վերադառնալու մասին լուրերը։ Քոչարյանը Հայաստանի նախագահի աթոռը զբաղեցրել է 1998-2008 թվականներին։