Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ ԱՄՆ-ի ու Ռուսաստանի դիրքորոշումները լիովին տարբեր են, եւ երկու երկրներին չհաջողվեց մոտեցնել դրանք։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է, ամերիկյան «STRATFOR» հետախուզական-վերլուծական կենտրոնի փորձագետ Մարկո Պապիկը։

«Բարաք Օբամայի աշխատակազմը այդքան հնարավորություններ չունի, որպեսզի գլուխ հանի Ղարաբաղի խնդրից։ Բացի այդ, այս հարցում Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի միջեւ տարբերությունն այն է, որ Վաշինգտոնը չի ցանկանում միջամտել, այն դեպքում, երբ Մոսկվան՝ օգտագործելով հակամարտությունը, իրեն հարմարակյաց է զգում, որպեսզի անփոխարինելի լինի ինչպես Ադրբեջանի, այնպես էլ Հայաստանի համար»,- նշել է փորձագետը։

Բացի այդ, խոսելով Օբամայի վերջերս Մոսկվա կատարած այցի մասին, Պապիկը նշել է, որ լիովին պարզ չէ, թե իրոք Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի հարաբերությունները նոր թափ են ստացել այդ այցով։ «Եվ պարզ չէ նաև, թե արդյոք համաձայնություն ձեռք է բերվել այնպիսի կարեւորագույն հարցի շուրջ, իչպիսին է Հակահրթիռային պաշտպանության համակարգերի տեղակայումը Լեհաստանում ու Չեխիայում»,-ընդգծել է փորձագետը։