Ադրբեջանում ԶԼՄ-ների ներկայացուցիչների ձերբակալման բազմաթիվ դեպքերը եւ վերջիններիս հանդեպ բանտերում իրականացվող դաժան վերաբերմունքը հայտնվել է ԵԽԽՎ՝ ԶԼՄ-ների ազատության մասին հերթական հաշվետվությունում։

Երկրի օրինապահ մարմինների ներկայացուցիչների դաժանությունը ԶԼՄ ներկայացուցիչների հանդեպ, համաձայն հաշվետվության, մեկ անգամ չէ, որ հաստատվել է։ Մասնավորապես վեհաժողովը օրինակ է բերում բանտում վախճանված քաղբանտարկյալի՝ «Թոլիշի Սադո» թերթի խմբագիր Նովրուզալի Մամեդովի դեպքը։

Մարդու իրավունքների միջազգային ընկերակցությունը հաստատում է, որ լրագրողը բանտում բազմաթիվ կտտանքների է ենթարկվել։ Մամեդովի առողջական ծանր իրավիճակի մասին հայտարարել են միանգամից մի քանի միջազգային կազմակերպություններ, սակայն անհապաղ բժշկական օգնության բացակայության պայմաններում լրագրողն, ի վերջո, մահացել է, ասվում է հաշվետվության մեջ։

ԵԱՀԿ ուշադրությունից չի վրիպել նաեւ լրագրողների ազատության եւ անվտանգության ինստիտուտի տնօրեն Էնիմոն Հուսեյնովի հետ կատարված միջադեպը։ 2008թ. հունիսի 14-ին ոստիկանության գործողությունների արդյունքում վերջինս լուրջ վնասվածքներ էր ստացել։

Ինչպես հայտնում են հաշվետվության հեղինակները, մյուս չբացահայտված դեպքը կապված է «Մոնիտոր» ամսագրի խմբագիր եւ երկրում ժողովրդավարության զարգացման կողմնակից Էլմար Հուսեյնովի հետ, ով սպանվել էր իր բնակարանի շեմին։ Լրագրողի մահվան հանգամանքները պարզվեցին շնորհիվ «Реальный Азербайджан» թերթում տպագրված հոդվածի, համաձայն որի լրագրողի սպանությունը մի քանի բարձրաստիճան դեմքերի պատվերով է իրականացվել։ Որոշ ժամանակ անց թերթի գլխավոր խմբագիր եւ հոդվածի հեղինակ Էյնուլլա Ֆաթուլլաեւը ահաբեկչության, հարկերից խուսափելու, ազգերի միջեւ թշնամություն հրահրելու մեղադրանքով ձերբակալվել էր։ Նրան դատապարտել էին 8.5 տարվա ազատազրկման։

2009 թվականին, սեպտեմբերի 24-ին, թերթերի համաշխարհային ասոցիացիան եւ նրանց լրատվական գործընկերները (WAN-IFRA) դիմել են Ադրբեջանի ղեկավարությանը` երկրի բանտերից խմբագիրների, լրագրողների եւ բլոգերների ազատման պահանջով:

Կազմակերպությունների տվյալներով, նրանց մեծամասնությունը ձերբակալվել է երկրի ղեկավարությանը քննադատելու համար, եւ ահազանգել է «Ադրբեջանի տեղեկատվական ոլորտում վախի մթնոլորտի ու մեթոդիկայի մասին, որն այստեղ լայն տարածում ունի»: