Ֆրանսիայի Ազգային ժողովի շենքում, այսօր` սեպտեմբերի 28-ին, Երեւանի ժամանակով 14:00-ին, սկսվել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի եւ Ֆրանսիայի Ազգային ժողովի նախագահ Բեռնար Ակուայեի հանդիպումը:
Փարիզից NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ հանդիպման ընթացքում Բեռնար Ակուայեն նշել է, որ այնպիսի միջխորհրդարանական հարաբերություններ, ինչպիսիք առկա են Հայաստանի ու Ֆրանսիայի միջեւ, ֆրանսիական խորհրդարանը քիչ երկրների հետ ունի: Հայ-ֆրանսիական միջխորհրդարանական կապերը որակելով եզակի՝ Բեռնար Ակուայեն նշել է, որ Հայաստանը շատ ակտիվ բարեկամներ ունի իրենց խորհրդարանում, իսկ իրենք էլ՝ Հայաստանում: Ըստ որում, Ֆրանսիայի խորհրդարանի խոսնակի համոզմամբ՝ այդ հարաբերությունները որեւէ կերպ կախված չեն պատգամավորների կուսակցական պատկանելիությունից:Իր հերթին նախագահ Սերժ Սարգսյանը կարեւորել է հայ եւ ֆրանսիացի պատգամավորների շփումները:
Հանրապետության ղեկավարն իր խոսքում ողջունել է ֆրանսիացի խորհրդարանականների այցելությունները Լեռնային Ղարաբաղ եւ որպես միջնորդ երկիր կարեւորել ու ոգեւորիչ գնահատել Ֆրանսիայի անկողմնակալ մոտեցումն ու հենց տեղում իրավիճակին ծանոթանալու եւ համապատասխան առաջարկներ ներկայացնելու հնարավորությունը: Նախագահն ընդգծել է, որ նման այցելությունները նաեւ ամրապնդում են միջնորդների հանդեպ ղարաբաղցիների վստահությունը:
Սերժ Սարգսյանը նաեւ կարեւորել է ֆրանկոֆոն քաղաքապետների հոկտեմբերին Երեւանում կայանալիք համաժողովը եւ ողջունել ֆրանկոֆոն քաղաքապետերի, այդ թվում Փարիզի քաղաքապետի այցը Երեւան:




























