Այն, որ երեխաների իրավունքների պաշտպանությունը Հայաստանում բարձր մակարդակի վրա չէ` հայտնի է բոլորին: Ընդ որում` երեխայի իրավունքների ոտնահարումը համընդհանուր բնույթ է կրում` ընտանիքներում, դպրոցներում, փողոցում:
Վերջին շրջանում, օրինակ, հաճախակի են տեղեկություններ ստացվում դպրոցներում աշակերտների հետ վատ վերաբերմունքի մասին` ծեծ, մազերի կտրում, պատժի ոչ համաչափ միջոցներ: Գործնականում` երեխաների պաշտպանության գործուն մեխանիզմներ չկան, ամեն ինչ կախված է ծնողի արձագանքից կամ լրատվամիջոցների բարձրացրած աղմուկից: Այս համատեքստում ուրախալի կարելի է համարել աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության նախաձեռնությունը` կառավարության հաստատմանը ներկայացնել երեխայի իրավունքների պաշտպանության 2012 թ. տարեկան ծրագիրը եւ միջոցառումների ցանկը:
Սակայն սույն ծրագիրը ընթերցողները կարող են համոզվել, որ այն շատ քիչ առնչություն ունի երեխայի իրավունքների հետ: Հիմնական ուշադրությունը բեւեռվել է մանկատներում, գիշերօթիկ դպրոցներում, ու ընդհանրապես` կյանքի դժվարին պայմաններում գտնվող երեխաների հիմնախնդիրներին: Որոշ դրույթներ կան շնորհալի երեխաների օժանդակության, հղի կանանց աջակցության մասին: Այսինքն` նախարարությունը ներկայացրել է մի ծրագիր, որով հիմք է ստեղծում այս կամ այն նպատակով բյուջետային ֆինանսավորում ստանալու: Բայց չէ՞ որ երեխայի իրավունքների պաշտպանութան հիմնախնդիրը մեզ մոտ առնչվում է հասարակության բոլոր շերտերին, բոլոր երեխաներին:
Երկար տնտղելով նախարարության ներկայացրած ծրագիրը` գտանք հետեւյալ հուսադրող տողերը. «կարեւորվում է նաեւ դաստիարակության համակարգի զարգացումը, ուսուցման ու դաստիարակության միասնականության ապահովումը»: Իսկապես էլ` այսօր քչերը պատկերացում ունեն այն մասին, թե դպրոցներում կամ այլ կրթօջախներում կարգապահական ինչպիսի կանոններ են գործում, որքանով դպրոցի տնօրինությունը իրավասու է կարգապահական սեփական կանոններ պարտադրել, կամ ինչ իրավունքներ ունի երեխան, եթե նրա հետ վատ են վերաբերում: Սակայն պետական ծրագիրն այս հարցերից ոչ մեկի պատասխանը չի տալիս, իսկ «դաստիարակության միասնականություն» ասելով նկատի ունեն լրացուցիչ կրթությունը:
Այնպիսի պատկերացում է, կարծես աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը պարզապես սխալ վերնագիր է ընտրել պետական ծրագրի համար, որ ավելի լավ կլիներ վերնագրվեր` «Ինչպե՞ս օգտագործել երեխաներին` բյուջեից փող պլոկելու համար»: Հուսով ենք` հետագայում մեր պետական գերատեսչությունները, առաջին հերթին թերեւս կրթության եւ գիտության նախարարությունը, ավելի համապարփակ փաստաթուղթ կներկայացնեն երեխաների իրավունքների պաշտպանությունը ապահովելու համար:
Սամվել Ավագյան




























