Արդեն պատրաստ է Հայաստանի սահմանային երեք անցակետերի նախագծահաշվային աշխատանքների փաթեթը, եւ առաջիկա երկու տարիների ընթացքում եվրոպացի գործընկերների աջակցությամբ կյանքի կկոչվի սահուն անցում անվտանգ սահմանով կարգախոսը, ինչը նշանակում է ապահով սահմանային ենթակառուցվածքներ եւ տարաբնույթ բյուրոկրատական քաշքշուկներից զերծ սահմանանցում` ԵՄ չափանիշներին համապատասխան: Այս մասին այսօր` սեպտեմբերի 28-ին` ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Ռաուլ դե Լուցենբերգերի համանախագահությամբ Հայաստանում տեղի ունեցած ԵՄ Խորհրդատվական խմբի Խորհրդի յոթերորդ նիստին, ասել է Հայաստանի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը:
NEWS.am-ին Ազգային անվտանգության խոհրդի մամուլի ծառայությունից հայտնեցին, որ նիստի ընթացքում ԵՄ Խորհրդատվական խումբը ներկայացրել է իր հերթական եռամսյակային զեկույցը, ինչպես նաեւ մինչեւ այս տարվա վերջ նախատեսված աշխատանքների ծրագիրը: Արթուր Բաղդասարյանն ընդգծել է,որ առաջընթաց է գրանցվել ասոցացման համաձայնագրի բանակցությունների գործընթացում եւ այս համատեքստում կարեւորել է վիզաների դյուրացման գործընթացին վերաբերող` Եվրահանձնաժողովի սեպտեմբերի 19-ի որոշումը, որի արդյունքում ՀՀ քաղաքացիները մոտ ապագայում շատ ավելի սահուն ընթացակարգերով կարող են մեկնել ԵՄ անդամ երկրներ, ինչն ունի կարեւոր քաղաքական եւ հանրային նշանակություն: Հայաստանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպան Հանս Յոհան Շմիդտը բարձր է գնահատել Հայաստանի եւ Եվրամիության միջեւ համագործակցության ներկայիս ընթացքը եւ հետագա զարգացման հեռանկարները: Եվրամիության Պատվիրակության ղեկավար, դեսպան Ռաուլ դե Լուցենբերգերը նշել է, որ իր առաքելության ընթացքում կարողացել է իր ներդրումն ունենալ` լայնորեն ներգրավելով բարեփոխումների իրականացման գործընթացում, ինչը հնարավոր է դարձել Հայաստանի ղեկավարության բարի կամքի եւ պատրաստակամության շնորհիվ:




























