Լեռնային Ղարաբաղի Հանրապետության խորհրդարանի պատգամավոր Արմեն Սարգսյանը այսօր օրենսդիր մարմնի նիստում հանդես է եկել հայտարարությամբ, համաձայն որի՝ ԼՂՀ օրենքների գործողության տարածքներում հակաօրինական է խոսել տարածքների հանձնման մասին:
NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նա հայտնեց, որ նման սահմանափակումները հավելյալ օրենսդրական ամրագրման կարիք չունեն, ամեն ինչ առկա է պետության Սահմանադրության մեջ: «Սահմանադրությունը մեր հիմնական օրենքն է եւ այնտեղ ամեն ինչ հստակ նշված է: Այն ընդունվել է համաժողովրդական հանրաքվեով, եւ որում հստակ ամրագրված են հանրապետության սահմանները: Համանման բոլոր հայտարարությունները պետք է ճանաչվեն հակասահմանադրական, այլ ոչ թե՝ խոսքի ազատության ժողովրդավարական դրսեւորում: Դա Սահմանադրության խախտում է»,- ընդգծեց նա:




























