Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի ելույթը ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի 66-րդ նստաշրջանի ամբիոնից լավն էր, բայց դա ընդամենը ելույթ էր: Այդ մասին սեպտեմբերի 29-ին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է ՀՅԴ խմբակցության ղեկավար, ՀՅԴ Բյուրոյի անդամ Վահան Հովհաննիսյանը:
«Ելույթից բխող երկու անհրաժեշտություն է երեւում: Առաջինն այն է, որ այդպիսի վճռական ազգային քաղաքականություն վարելու համար Հայաստանի իշխանությունները պարտավոր են ուղղակի երկրի ներսում ուժեղ թիկունք ստեղծել: Դա կարող է արվել լուրջ բարեփոխումներ անելով, մոնոպոլիստական տնտեսական համակարգից հրաժարվելով, կարգուկանոն հաստատելով: Ակնհայտ է, որ ժողովրդի կյանքը վատանում է` ինչ թվեր էլ հրապարակվեն: Հավատո՞ւմ ենք, որ ունակ են իշխանությունները արդար երկիր կառուցել: Ոչ, մենք դրան արդեն չենք հավատում»,- ասել է Վահան Հովհաննիսյանը:
Երկրորդը, նրա կարծիքով այն է, որպեսզի արտաքին քաղաքականությունը համընկնի նախագահի ելույթի դրույթներին, պետք էր հետ կանչել ստորագրությունը հայ-թուրքական արձանագրություններից: «Հավատո՞ւմ ենք դրան: Ոչ, որովհետեւ մենք սառած վիճակում հետեւում ենք, թե ինչ է կատարվում Թուրքիայում: Հայաստանում պարալիզացված վիճակ է, ոչ մի շարժ չկա»,- նշել է Հովհաննիսյանն ու հավելել. «Այս երկու պատճառները բավարար են հասկանալու, թե ինչու է դաշնակցությունը համակարգային եւ ամբողջական իշխանափոխությունն անհրաժեշտություն համարում` անկախ մեր պաշտոնյաների հաջող կամ ոչ այնքան հաջող ելույթներից»:




























