«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել ՀՀ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանին, ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին եւ Մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանին եւ հայտնել, որ ոստիկանները ապօրինաբար խոչընդոտել են իրենց կազմակերպած բողոքի գործողությունը:
«Ես՝ Զարուհի Փոստանջյանս, եւ ՀՀ այլ քաղաքացիներ 2009թ. հոկտեմբերի 29-ին ՀՀ կառավարության շենքի առջեւ պաստառներով կազմակերպել էինք բողոքի գործողություն՝ ընդդեմ հայ-թուրքական արձանագրությունների վավերացման, ինչպես նաեւ՝ ի անհամաձայնություն ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի՝ երեկ ՀՀ Ազգային ժողովի դահլիճում հնչեցրած այն մտքի, թե „Հայոց աշխարհի շահերը տարբեր են“: Մեր բողոքի գործողության նպատակն էր հիշեցնել, որ „Հայոց աշխարհի շահերը միասնական են“:
Բողոքի գործողությունն սկսվեց նախատեսված ժամին՝ 11:00-ին: Ի տարբերություն մեկ շաբաթ առաջ նույն տեղում կայացած բողոքի գործողության՝ այս անգամ ոստիկանների ապօրինի արարքը միայն մեր առջեւ ոստիկանական պատ կազմելու մեջ էր, որը նպատակ ուներ պաստառները փակել անցորդների աչքից»,- նշում է պատգամավորն ու հավելում, որ բողոքի գործողության երկրորդ մասը, որը նախատեսված էր անցկացնել Բաղրամյան պողոտայում՝ նախագահական նստավայրի դիմացի մայթին, իրենց չի հաջողվել: «Երբ շուրջ երկու տասնյակի հասնող ցուցարարներս խաղաղ երթով հասանք մինչեւ Բաղրամյան-Դեմիրճյան փողոցների խաչմերուկ, ԱԺ գլխավոր մուտքից շուրջ 30 մետր հեռավորության վրա մեր ճանապարհը փակեցին ոստիկանության համազգեստով շուրջ 25 անձինք՝ Երեւանի Արաբկիրի բաժնի ոստիկանության կապիտան ներկայացած ոստիկանի գլխավորությամբ: Նրանք կենդանի շղթա կազմեցին եւ կասեցրին մեր երթը: Մենք առաջ գնալու հնարավորությունից զրկված էինք, կանգ առանք եւ ոստիկաններից խնդրեցինք մեզ տրամադրել որեւէ փաստաթուղթ՝ մեր տեղաշարժը խոչընդոտելու հիմքի վերաբերյալ, սակայն մեր խնդրանքը մերժվեց: Ըստ ոստիկանների՝ իրենք էլ չգիտեին, թե որ օրենքի հիման վրա են խոչընդոտում մեր տեղաշարժը: Միակ պատճառաբանությունը հետեւյալն էր, թե նախագահը միջոցառում է անցկացնում եւ իրենք նպատակահարմար չեն գտնում մեր տեղաշարժը: Մենք՝ ցուցարարներս, փորձեցիք այդ վայրում՝ Բաղրամյան փողոցում, շարունակել մեր բողոքի գործողությունը: Երբ պաստառներով կանգնած երգում եւ վանկարկում էինք, ոստիկանները սկսեցին հրել ու ետ մղել մեզ եւ պատռեցին Հայաստանի ու Արցախի քարտեզը: Ոստիկաններից մեկը, որը փոխգնդապետի ուսադիրներով էր, ինձ սպառնում էր, թե ես խուլիգանություն եմ անում»,- նշում է Փոստանջյանն ու արձանագրում, որ իրենց իրականացրած բողոքի գործողությունները ոստիկանների կողմից ենթարկվեցին ճնշման: «Ոստիկանների նման վերաբերմունքը միանշանակ փաստում է, որ ՀՀ նախագահի պաշտոնը զբաղեցնող Սերժ Սարգսյանը ահաբեկված է շուրջ երկու տասնյակ խաղաղ ցուցարարներից եւ նրանց պաստառներից»,- արձանագրում է Փոստանջյանը՝ ոստիկանապետին խնդրելով համապատասխան ընթացք տալ սույն հաղորդմանը եւ օրենքով սահմանված կարգով արդյունքների մասին հայտնել իրեն":




























