Հայաստանում Պարեկային ծառայության կազմում կստեղծվի հատուկ ջրային ստորաբաժանում։ Այս մասին Ազգային ժողովում, պաշտպանության եւ անվտանգության խորհրդարանական մշտական հանձնաժողովի նիստում, «Ոստիկանության մասին» օրենքում եւ կից օրենքներում լրացումներ կատարելու մասին օրինագծերի փաթեթի քննարկման ժամանակ, մայիսի 15-ին հայտարարել է հանրապետության ներքին գործերի փոխնախարար Արփինե Սարգսյանը։
Սեւանա լճում պարեկում իրականացնելու համար ստեղծվող ստորաբաժանումը պետք է ապահովի հանգստի անվտանգությունը, ինչպես նաեւ կասեցնի բոլոր հնարավոր իրավախախտումները։
Ոստիկանության նոր ստորաբաժանումը պետք է իրականացնի Սեւանա լճի մերձափնյա շրջանների պարեկում։ «Նոր ստորաբաժանման աշխատակիցները, օրինակ, կկարողանան վերահսկել, թե որքանով են պահպանվում այս կամ այն լողամիջոցների շահագործման պահանջները։ Շատ հաճախ լինում են դեպքեր, երբ հանգստացողն անսթափ վիճակում նավակ է քշում՝ խախտելով հանրային կարգն ու անվտանգության կանոնները։ Ջրային պարեկները նման դեպքերում իրավունք կունենան միջամտելու եւ, անհրաժեշտության դեպքում, մեկուսացնելու իրավախախտներին»,- պարզաբանել է Սարգսյանը։
Ըստ նրա՝ օրիկնագիծը նախատեսում է այն դեպքերը, որոնք պահանջում են իրավապահ մարմինների միջամտությունը։
Նոր կառույցն աշխատանքին պատրաստ կլինի ընթացիկ տարվա հոկտեմբերին։ Սակայն իր խնդիրների եւ պարտականությունների կատարմանը ձեռնամուխ կլինի միայն 2024թ.։ Անձնակազմն ընդհանուր առմամբ կազմված կլինի 95 պարեկից։
Համեմատաբար ոչ երկար քննարկումներից հետո նախաձեռնությունը ստացավ խորհրդարանական մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը։





























