Նյու-Յորքի շրջանային դատարանը «Dooney & Bourke» ամերիկյան ընկերության հիմնադիր Ֆրեդերիկ Բուրկին մեղավոր է ճանաչել՝ 1998 թվականին Ադրբեջանի իշխանություններին կաշառք տալու նպատակով հանցավոր համաձայնության մեջ մտնելու համար։ Այս մասին հաղորդում է «Bloomberg» գործակալությունը։
Աղբյուրի համաձայն, նա եւ չեխ ձեռնարկատեր Վիկտոր Կոժենին կաշառել են Ադրբեջանի նախկին նախագահ Հեյդար Ալիեւին եւ նրա որդի՝ ներկայիս նախագահ Իլհամ Ալիեւին, փորձելով այդ կերպ արագացնել «Азнефть» պետական ընկերության սեփականաշնորհման գործընթացը, սակայն հիշյալ ընկերությունը այդպես էլ չի սեփականաշնորհվել։ Արտասահմանցի պաշտոնյաներին կաշառք տալը ԱՄՆ-ում օրենքով արգելվել է 1977 թվականից։
Անձամբ Բուրկը կաշառք չի տվել, սակայն իմացել է այդ մասին։ Նրան ուղղված մեղադրանքի դատավճիռը 10 տարով ազատազրկումն է, սակայն դատարանը արդեն ասել է, որ ավելի ուշ հայտարարվելիք պատիժը այդքան երկարատեւ չի լինի։ Հիմա նա 10 միլիոն դոլար գրավով ժամանակավորապես ազատ է արձակվել։ Բուրկի դատապաշտպանները հայտարարել են, որ Կոժենին գողացել է նրանից ու այլ ներդրողներից ընդհանուր հաշվարկով 180 միլիոն դոլար։ Անձամբ Բուրկը կորցրել է 8 միլիոն դոլար։ Բայց վկաները հաստատել են կաշառքի մասին Բուրկի տեղյակ լինելը։ Կոժենին, որ նույնպես այս գործում մեղադրվում էր՝ իր կաշառք տալը չի հերքում, սակայն պնդում է, որ ներդրողներից ոչինչ չի գողացել։ Նա վստահեցրել է, թե իբր ներդրողները քաջատեղյակ էին, որ նա օգտագործում է այդ միջոցները ադրբեջանական առաջնորդներին կաշառելու համար։ Ընկերության մի մասը, որի միջոցով կաշառք էր տրվում, գտնվում էր ԱՄՆ-ում, այդ իսկ պատճառով, Նյու-Յորքի դատախազությունը դատ է հարուցել չնայած Կոժենին վաղուց արդեն Միացյալ Նահանգներում չի ապրում եւ չունի ԱՄՆ-ի քաղաքացիություն։ Ներկայումս, Կոժենին թաքնվում է ԱՄՆ արդարադատությունից։
ԱՄՆ-ում ԱՊՀ երկրների բարձրաստիճան պաշտոնյաներին առնչվող դատական գործերը սակավաթիվ չեն։ Ամենաաղմկահարույցներից է՝ Ուկրաինայի նախկին վարչապետ Պավել Լազարենկոյի գործը , նաեւ «Ղազախգեյթ» գործը։ «Ղազաղգեյթ» դատական գործընթացում, որը տեղի էր ունեցել Նյու-Յորքի Հարավային շրջանի դատարանում, մեղադրյալը ամերկացի իրավաբան Ջեյմս Գրիֆֆենն էր։ 90-ականներին, նա աշխատում էր որպես Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւի խորհրդական։ 1999 թվականի աշնանը «Ղազաղգեյթ» գործընթացը նոր թափ հավաքեց, երբ շվեյցարական բանկերից մեկում հաշվեհամար էր ի հայտ եկել, որը, ըստ հետաքննության, պատկանում է անձամբ Նուրսուլթան Նազարբաեւին։
Հատկանշական է, որ նման հնչեղություն ունեցող դատավարությունները բավական հանկարծակի են հարուցվում ԱՄՆ արդարադատության համակարգի կողմից եւ, որպես կանոն, ժամանակի առումով համընկնում են Վաշինգտոնի եւ այն երկրի միջեւ քաղաքական հարաբերությունների սրման հետ, որի ղեկավարը հիշատակվում է դատավարությունում։
Այս ամենից ելնելով, «Азергейт»-ը բացառություն չէր, բավական է հիշել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի ՝ Թուրքիայում, Բարաք Օբամայի հետ հանդիպման մերժումը, Բաքվի քաղաքական գործիչների պարբերական հարձակումները տարածաշրջանում ԱՄՆ հատուկ ներկայացուցիչ Մեթյու Բրայզայի վրա, ինչպես նաեւ ադրբեջանական գազի Ռուսաստանին վաճառելու վերջին համաձայնությունը։



























