Պակիստանի նախկին վարչապետ Իմրան Խանի կինը՝ Բուշրա Խանը, մեղադրվում է կոռուպցիայի մեջ նույն գործով, որը մայիսի 9-ին հանգեցրել է նախկին վարչապետի կալանավորմանը։ Երկուշաբթի օրն Իմրան Խանը կնոջն ուղեկցել է դատարան, որը գրավի դիմաց նրան ազատ է արձակել, հաղորդում է Reuters-ը:
Նա հայտնի է իր հոգևորությամբ և սուֆիզմին նվիրվածությամբ, որն իսլամի միստիկ ձև է: 70-ամյա Խանը Բուշրային հաճախ անվանում էր իր հոգևոր առաջնորդը:
Բուշրա Ռիազ Վատտոն, ամուսնությունից հետո ազգանունը փոխել է Խանի։ Նրա ամուսինը և հետևորդները սովորաբար նրան անվանում են Բուշրա Բիբի կամ Բուշրա Բեգում՝ տիտղոսներ, որոնք ուրդուում հարգանքի դրսեւորում են:
Խանի կուսակցության՝ Պակիստանի «Թեհրիք-է-Ինսաֆ»-ի անդամները հայտարարել են, որ Բուշրան ոգեշնչել է Խանին ստեղծել Al-Qadir Trust-ը, ոչ կառավարական բարեգործական կազմակերպություն, որը կառավարում է Իսլամաբադից դուրս գտնվող համալսարանը՝ նվիրված հոգևորությանը և իսլամական ուսմունքներին:
Այս հիմնադրամը կապված է զույգի դեմ կոռուպցիոն մեղադրանքների հետ: Արդարադատության նախարար Ազամ Նազիր Տարարի խոսքերով՝ որպես վարչապետ, Խանը գովազդել է կազմակերպությունը պաշտոնական միջոցառումների ժամանակ, իսկ զույգը Al-Qadir Trus-ի միակ հոգաբարձուներն են:
Խանի կուսակցության խոսնակ Ֆարրուխ Հաբիբը Reuters-ին ասել է, որ գործը քաղաքական դրդապատճառներ ունի, և որ զույգը ֆինանսապես չի շահում կազմակերպությունից:
Ավելի վաղ, Իմրան Խանը որոշ ժամանակով կալանավորվել էր, ինչն անկարգություններ էր առաջացրել Պակիստանում։





























