Թուրքիայի նախագահի թեկնածուները՝ երկրի ներկայիս ղեկավար Ռեջեփ Թայիփ Էրդողանը և ընդդիմադիր թեկնածու Քեմալ Քըլըչդարօղլուն, հուզական կոչեր են ուղղել ժողովրդին։
Քըլըչդարօղլուն Twitter-ում հրապարակված ուղերձում ասել է, որ պատրաստ է պայքարին։
«Ես այստեղ եմ, այո, այստեղ եմ։ Եվ դուք նույնպես այստեղ եք: Խոստանում եմ, որ պայքարելու եմ մինչև վերջ։ Ես այստե՛ղ եմ»,- հաստատել է նա երկուշաբթի Twitter-ի իր էջում հրապարակված տեսանյութում։
Ընտրությունների թեմայով հայտարարություն է արել նաեւ Թուրքիայի ներկայիս նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։
Թուրքիայի նախագահական ընտրությունների երկրորդ փուլի մայիսի 28-ին նախատեսված քվեարկությունը «Թուրքիայի հարյուրամյակի» հայեցակարգի հաջող իրականացման նախանշանը կլինի, գրել է Էրդողանը սոցցանցերում իր գրառման մեջ։
Նրա խոսքով՝ մայիսի 14-ին կայացած քվեարկության ժամանակ թուրք ժողովուրդը «պատվով հանձնեց ժողովրդավարության հերթական քննությունը, և «Ժողովրդական միություն» դաշինքը, որի կազմում ընդգրկված է Արդարություն և զարգացում կուսակցությունը, վառ հաջողություն ունեցավ»։
Հիշեցնենք, որ նախագահական ընտրությունները Թուրքիայում կայացել են մայիսի 14-ին։ Ընտրությունների երկրորդ փուլը տեղի կունենա մայիսի 28-ին։





























