Ֆրանսիայի հյուսիսում գտնվող Ամիեն քաղաքում հակակառավարական ցուցարարները ծեծի են ենթարկել երկրի նախագահ Էմանուել Մակրոնի կնոջ ազգականին, գրում է The Guardian-ը։

Հաղորդվում է, որ 30-ամյա Ժան-Բատիստ Տրոնիեի վրա հարձակվել են Trogneux շոկոլադի խանութի մոտ, որը պատկանում է Բրիջիթ Մակրոնի ընտանիքին: Տուժողի հոր խոսքով՝ չարագործները հարվածներ են հասցրել տղամարդու գլխին, ձեռքերին եւ ոտքերին, իսկ փախուստից առաջ վիրավորել են նախագահին, նրա կնոջն ու տուժողի ընտանիքին։

«Նրանք անցել են սահմանը։ Ես ապշած եմ»,-ասել է Ժան-Բատիստ Տրոնիեի հայրը։

Ինչպես նշում են լրագրողները, հարձակումը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ նախագահ Էմանուել Մակրոնը երկուշաբթի երեկոյան հայտնվել է երկրի գլխավոր հեռուստատեսային լրատվական ծրագրում:

Ամիենի ոստիկանությունը հայտնել է ութ մարդու ձերբակալության մասին, որոնք ենթադրաբար ներգրավված են եղել նախագահի տիկնոջ ազգականի դեմ հարձակմանը։

Միջադեպին արձագանքել է Բրիջիթ Մակրոնը՝ դատապարտելով «վախկոտությունը, հիմարությունն ու բռնությունը»։

Courrier picard պարբերականը գրում է, որ տեղի ունեցածի մասին խոսել է նաեւ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը: Նա Տրոնիեի դեմ ագրեսիան անընդունելի է անվանել՝ հայտարարելով․ «Բռնության ոչ մի ձեւ չի կարող արդարացվել, քանի որ բանավոր բռնությունը հանգեցնում է ֆիզիկական բռնության, իսկ սեփականության դեմ բռնությունը հանգեցնում է մարդկանց նկատմամբ բռնության»։