Հոկտեմբերի 29-ին Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը հանդիպել է Թուրքիայի Ազգային մեծ ժողովի արտաքին կապերի հանձնաժողովի ղեկավար Մուրադ Մերջանի գլխավորած պատվիրակության հետ։

Ըստ ադրբեջանական պետական «АзерТАдж» գործակալության, խոսելով ղարաբաղյան հարցի մասին, Մերջանը հիշեցրել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի եւ արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուի հայտարարությունների մասին եւ ընդգծել, որ քանի դեռ այդ խնդիրը չի լուծվել, հայ-թուրքական սահմանը չի բացվի եւ արձանագրությունները չեն վավերացվի։

Մամեդյարովը տեղեկացրել է ղարաբաղյան հարցի կարգավորման ներկա իրավիճակի մասին։ Նա ընդգծել է, որ կայուն խաղաղության եւ անվտանգության հաստատումը տարածաշրջանում հնարավոր է միայն այսպես կոչված «գրավյալ» տարածքներից հայկական ուժերի դուրսբերումից հետո։