Օրհասական վիճակ է Ուկրաինայի արեւմուտքում։ Այստեղ մոլեգնում է տասնյակ մարդկանց կյանք խլած վիրուսը։ Սկզբում ասվում էր, թե մարդիկ մահանում են թոքաբորբից։ Սակայն մի շարք աղբյուրներ նշում են «խոզի գրիպի» տարածման հնարավորության մասին։

Ուկրաինայի առողջապահության նախարարության տվյալներով, երեք շրջաններում՝ Լվովյան, Իվանո-Ֆրանկովսկյան եւ Տերնոպոլյան, հոկտեմբերի 29-ի դրությամբ վարակվածների թիվը 37923 հոգի է կազմում։ 30 մարդ մահացել է, այդ թվում մի երեխա։ Մահացության 12-ական դեպք գրանցվել է Լվովում եւ Տերնոպոլում, 6-ը՝ Իվանո-Ֆրանկովսկում։

951 մարդ հոսպիտալացվել է, նրանցից 497-ը՝ երեխաներ։ Ուկրաինայի առողջապահության նախարարությունում շարունակում են պնդել, թե «խոզի գրիպ»-ից ընդամենը երկու մարդ է մահացել։