Արեւմտյան Գերմանիայում հիվանդանոցի ղեկավարությունը ափսոսանք է հայտնել այն առիթով, որ վիրաբույժներից մեկը ոտքի մատի անդամահատության ժամանակ իրեն օգնելու համար հրավիրել է մաքրուհուն։

SWR հանրային հեռարձակողը հայտարարել է, որ միջադեպը Մայնցի համալսարանական հիվանդանոցում տեղի է ունեցել 2020թ., այն որեւէ բարդության չի հանգեցրել, բայց այդ ժամանակվանից բժշկին ազատել են աշխատանքից։

Հիվանդանոցի գործադիր տնօրեն Նորբերտ Փֆայֆերը պատմել է, որ վիրաբույժը սխալմամբ որոշել է շարունակել սովորական միջամտությունը՝ չնայած որակյալ ասիստենտի բացակայությանը, տեղեկացրել է SWR-ն։

Երբ պացիենտը, տեղային անզգայացում ստանալով, սկսել է անհանգստանալ, բժիշկը խնդրել է մոտ գտնվող մաքրուհուն պահել տղամարդու ոտքը եւ տալ վիրաբուժական գործիքները, տեղեկացրել է տեղի Mainzer Allgemeine Zeitung օրաթերթը։ Թերթը նշել է, որ մաքրուհին բժշկական փորձ չի ունեցել։

Տեղեկացվել է, որ միջադեպը հայտնի է դարձել այն բանից հետո, երբ հիվանդանոցի մենեջերը վիրաբուժարանում նկատել է մաքրուհուն արյունոտ թանզիֆե անձեռոցիկներով։

«Նման բան երբեւէ չպետք է պատահեր»,- Փֆայֆերին մեջբերել է dpa գերմանական լրատվական  գործակալությունը։