Ազգային անվտանգության խորհրդում, այսօր` սեպտեմբերի 30-ին, տեղի է ունեցել ՀՀ թմրամոլության եւ թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի հարցերով միջգերատեսչական հանձնաժողովի նիստը: Հանձնաժողովի կազմում ընդգրկված են շահագրգիռ գերատեսչությունների, այդ թվում` ՀՀ ոստիկանության, ՀՀ գլխավոր դատախազության, ՀՀ ԱԱԾ, առողջապահության եւ արդարադատության նախարարությունների ներկայացուցիչներ: 

ԱԱԽ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ ԱԱԽ աշխատակազմում համատեղ ջանքերով մշակվել է թմրամոլության եւ թմրամիջոցների ապօրինի շրջանառության ազգային ծրագիրը, որը հավանության է արժանացել ԱԱԽ-ի կողմից եւ հաստատվել ՀՀ նախագահի հրամանագրով: Արդյունքում ստեղծված հանձնաժողովն այսօր քննարկել է կատարված աշխատանքները եւ նախանշել ապագա ծրագրերը:

Բացման խոսքում ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանը նշել է, որ թմրամոլության եւ թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարը ՀՀ ազգային անվտանգության գերակայություններից է: Պաշտոնական վիճակագրության ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ 2010թ. առաջին կիսամյակի համեմատությամբ այս տարի գրանցվել է այս ոլորտի իրավախախտումների շուրջ 7,4% աճ, սակայն առկա է նաեւ  հանցագործությունների բացահայտման դրական միտում` շուրջ 10%-ով: 

ԱԱԽ քարտուղարի համոզմամբ` այս հանցատեսակի դեմ պայքարը պետք է ընթանա երեք հիմնական ուղղություններով` կանխարգելում, պատժի անխուսափելիություն նման հանցագործություն կատարողի համար եւ բուժման կարիք ունեցող անձանց արդյունավետ վերականգնում:Նա նշել է, որ ավարտին է մոտենում կազմակերպված հանցավորության դեմ պայքարի ազգային ռազմավարության մշակումը: Այս ուղղությամբ համակարգված փաստաթուղթ ստեղծելու նպատակով ԵՄ-ի հատուկ փորձագետը արդյունավետորեն համագործակցում է մեր իրավապահ մարմինների հետ:  

Նիստի ընթացքում ամփոփվել են 2009-2012թթ. ընթացքում Հայաստանում թմրամոլության եւ թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի ազգային ծրագրով նախատեսված 2011թթ. առաջին կիսամյակի աշխատանքների իրականացման արդյունքները: Քննարկումների արդյունքում հաստատվել են թմրամոլության եւ թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարում օգտագործվող նյութատեխնիկական բազայի վիճակի ուսումնասիրության եւ թմրամոլության հակում ունեցող անձանց սոցիալ-վերականգնողական փորձնական ծրագիր մշակող աշխատանքային խմբերի կազմերը եւ ծրագրերը, ինչպես նաեւ իրականացման հստակ ժամանակացույցը: