Ինչպես ՀԱԿ-ի նախորդ հանրահավաքում, այս անգամ եւս ՀՀՇ վարչության նախագահ Արամ Մանուկյանը, հավաքվածներին է ներկայացրել ՀՀԿ-ի ու ԲՀԿ-ի անդամատոմսերով տոպրակներ, հայտարարելով, որ մարդիկ զանգվածաբար լքում են այդ կուսակցությունները:
Հեռակա կարգով պատասխանելով ՀՀԿ մամուլի քարտուղար Էդուարդ Շարմազանովին, ըստ որի 2008-ի փետրվարի հին անդամատոմսեր են ցուցադրվում հանրահավաքի ժամանակ, Արամ Մանուկյանն ասաց. «Փետրվարին պատռվածները հարձակման ժամանակ տարել են: Սրանք մոտ 4 կգ նոր անդամատոմսեր են, լրիվ նոր աշխարհագրությամբ, ու կրկին երկու ստորագրություններով` Անդրանիկ Մարգարյանի եւ Սերժ Սարգսյանի ստորագրություններով»:
«Սա ձեր ցանածի արդյունքն է»,- իշխանություններին դիմելով ասաց ՀՀՇ վարչության նախագահը, տեղեկացնելով, որ Շիրակի 320 դպրոցների տնօրեններից 310-ը ՀՀԿ-ի անդամներ են: «Սա խայտառակություն է»,- ասաց նա:
«Ես դիմում եմ բոլոր քաղաքացիներին` հանրապետականներին, ԲՀԿ-ականներին, ձեր խղճի առջեւ մաքուր եղեք, հանձնեք ձեր անդամատոմսերը»,- իր խոսքն ամփոփեց Ա. Մանուկյանը:




























