ԱՄՆ-ում Երկրորդ համաշխարհային պատերազմի 101-ամյա վետերանը վկայական է ստացել քոլեջն ավարտելուց 80 տարի հետո։ Այս մասին տեղեկացրել է FoxNews հեռուստաալիքը։
Հեռուստաալիքի տեղեկացմամբ՝ Ֆրեդ Թեյլորը ավարտականի հանդիսությունը բաց է թողել Երկրորդ համաշխարհային պատերազմի պատճառով։
Մայիսի 14-ին նա ստացել է Այովա նահանգի Մաունթ Վերնոն քոլեջն ավարտելու վկայականը։
«Ես չեմ ափսոսում, որ գնացել եմ ծառայելու։ Ինձ շատ դուր եկավ թռչելը։ Ես ափսոսում եմ միայն, որ բաց եմ թողել վկայականների հանձնման արարողությունը, ինչպես սովորաբար բոլորն են ավարտում ուսումը»,- ասել է վետերանը։
Թեյլորը մասնակցել է վկայականների հանձնման արարողությանը քոլեջի ավելի քան 200 ուսանողների հետ։ Երբ նա բեմ է բարձրացել, ուսանողները նրան յուրայինի պես են դիմավորել։
Քոռնելի քոլեջի նախագահ Ջոնաթան Բրենդն ավելացրել է, որ ամեն անգամ, երբ արտասանել է վետերանի անունը, ուսանողները հոտնկայս ծափահարել են։





























