Հոկտեմբերի 30-ը քաղաքական բանտարկյալների օրն է: Այն առաջին անգամ նշվել է 1974թ. խորհրդային «ուղղիչ աշխատանքային ճամբարներում» ի հիշատակ քաղաքական ռեպրեսիաների միլիոնավոր զոհերի եւ ի հարգանք բոլոր նրանց, ովքեր անարդարացիորեն դատապարտվել են:

Հայաստանյան մի շարք իրավապաշտպան կազմակերպություններ այդ կապակցությամբ հանդես են եկել հայտարարությամբ, որում մասնավորապես ասված է. «Ամոթալի է, որ այսօր, 35 տարի անց, անկախ Հայաստանում կան քաղաքական բանտարկյալներ եւ ի սպառ բացակայում է արդարադատությունը:

2008թ. փետրվարին իշխանությունների կողմից կեղծված ընտրությունների եւ խաղաղ ցուցարարների նկատմամբ իրականացված ջարդի արդյունքում տասը քաղաքացիներ սպանվեցին, հարյուրավոր ընդդիմադիր գործիչներ եւ ժողովրդավարական շարժման աջակիցներ ձերբակալվեցին, շատերն էլ ստիպված անցան ընդհատակ: Ընտրությունները եւ դրանց հաջորդած իրադարձությունները ոճիր էր ժողովրդավարության դեմ, իսկ հետագա գործընթացները ' արդարադատության համակարգի ավերում: Մարտի 1-ն տեղի ունեցածի վերաբերյալ ճշմարտությունը բացահայտելու, զոհվածների սպանության հանգամանքները պարզելու փոխարեն իշխանությունները ձեռնամուխ եղան ստի եւ ընդդիմությանը վարկաբեկելու քստմնելի արշավի ու թատերականացված դատավարությունների»:

Իրավապաշտպանները նաեւ արձանագրում են, որ «տաղտկալի մասնակի համաներումը, որի արդյունքում քաղբանտարկյալներից շատերը ազատ արձակվեցին, չէր կարող փոխարինել արդարադատությանը: Ավելին, „համաներումը“ 17 ազնիվ քաղաքացիների թողեց բանտախցերում: Բոլոր այդ մարդիկ դատապարտվել են անարդարացիորեն, շատերը մեղադրվում են մինչեւ 10 տարի ազատազրկում նախատեսող հոդվածներով, հիմնականում ոստիկանների եւ նրանց գործակալների կեղծ ցուցմունքների հիման վրա»:

Իրավապաշտպանները նաեւ պահանջել են ազատ արձակել 17 քաղբանտարկյալներին եւ վերջ տալ քաղաքական ռեպրեսիաներին Հայաստանում:

Հայտարարության տակ ստորագրել են Հայաստանի Հելսինկյան Ասոցիացիան,Վանաձորի Հելսինկյան Ասամբլեան, Իրավաբաններն ընդդեմ Խոշտանգումների, «Վերնատուն»-Քաղբանտարկյալների կանայք, «Ասպարեզ»- լրագրողական ակումբը եւ այլ կազմակերպություններ: