Սյունիքի մարզպետարանի կրթության, մշակույթի եւ սպորտի վարչության պետ Լյուդվիգ Հարությունյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հերքեց մամուլում տարածված տեղեկությունները, որ ինքը բիզնես է սկսել եւ դպրոցական աշխատանքային տետրեր, որոշ օժանդակ ձեռնարկներ է ուղարկում դպրոցիներին` ստիպելով վաճառել դրանք:

«Ոչ, այդպիսի բան չի եղել, ես ոչ մի բան էլ չեմ ուղարկել դպրոցներ»,- նշեց նա:

Ինչ վերաբերում է մարզում այդ բիզնեսը լիցենզավորված «Լալաբեկյան եւ որդիներ»  ՍՊԸ-ի հետ իր անմիջական կապին, նա նշեց, որ ինքը որեւէ առնչություն չունի այդ ամենի հետ. «Լալաբեկյան Արարատն է, որի հետ ես ոչ մի առնչություն չունեմ, ինքը իր բիզնեսը կազմակերպում է, ունի գրախանութներ»,- ասաց Լյուդվիգ Հարությունյանը:

Նշենք, որ մամուլում տեղեկություններ էին տարածվել, որ Լյուդվիգ Հարությունյանը դպրոցական աշխատանքային տետր եւ որոշ օժանդակ ձեռնարկներ է ուղարկել Սյունիքի մարզի բոլոր դպրոցների տնօրեններին` ստիպելով վաճառել դրանք: Ըստ լուրերի` հետ վերադարձի պայման էլ չկա: Տնօրենները ստիպված պարտադրում են դասղեկներին, վերջիններս էլ աշակերտներին, ինչն առաջացրել է ծնողների դժգոհությունը: «Տարիներ ի վեր Սյունիքում այդ բիզնեսը իրականացնում է «Լալաբեկյան եւ որդիներ» ՍՊԸ-ն, որի հետ համագործակցում էր Լյուդվիգ Հարությունյանը: Հետո, փաստորեն, զգալով «գործի համը» որոշեց ինքը մենակ գործել շուկայում»,- գրված էր թերթերից մեկում: