Կոտայքի մարզի Հրազդանի Ա. Մռավյանի անվան N 4 հիմնական դպրոցի տնօրենի պաշտոնի շուրջ ստեղծված պատմությունը շարունակվում է: Տնօրենի պաշտոնի համար հայտարարված մրցույթի արդյունքում տնօրեն ընտրված թեկնածուն` Հասմիկ Հայրապետյանը բացարկ է հայտնել եւ չի ցանկանում տնօրեն լինել:

Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Կրթության եւ գիտության նախարարության հանրակրթության բաժնի պետ Նարինե Հովհաննիսյանը` առաջարկելով մյուս մանրամասները ճշտել Կոտայքի մարզպետարանից, քանի որ դպրոցը իրենց ենթակայության տակ չէ:

Նա նաեւ նշեց, որ մրցույթն անցել է օրինական, ներկա է եղել նաեւ ԿԳ նախարարության ներկայացուցիչը: Կոտայքի մարզպետարանի աշխատակազմի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Կարեն Մարգարյանը նշեց, որ մրցույթի արդյունքում տնօրեն ընտրված թեկնածուն դպրոցում ստեղծված հայտնի իրադարձությունների արդյունքում սեպտեմբերի 28-ին իր դիմումի համաձայն հրաժարվել է զբաղեցնել Հրազդանի Ա. Մռավյանի անվան N 4 հիմնական դպրոցի գործադիր տնօրենի պաշտոնը: Կարեն Մարգարյանի խոսքով` Ռոբերտ Առաքելյանը մինչ մրցույթը պաշտոնավարել է անորոշ ժամկետով կնքված պայմանագրի հիման վրա: Իսկ «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի 38-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն` «Անորոշ ժամկետով պայմանագրի հիման վրա պաշտոնավարող տնօրենները մինչեւ 2011 թվականի օգոստոսի 1-ը վերապատրաստվում են, ստանում ուսումնական հաստատության կառավարման իրավունքի հավաստագիր եւ մասնակցում տնօրենի ընտրության համար մրցույթին` համաձայն Կառավարության սահմանած կարգի եւ ժամանակացույցի»: «Ռոբերտ Առաքելյանը վերապատրաստվել է եւ ստացել ուսումնական հաստատության կառավարման իրավունքի հավաստագիր. մի գործընթաց,  որն այս օրերին շատերը շփոթել են տնօրենի ընտրության հետ եւ ստեղծել թյուրիմացության մթնոլորտ, հաստատության կառավարման իրավունքի հավաստագիրը դեռեւս չի նշանակում հաստատության տնօրենի պաշտոն զբաղեցնել»,- ասաց Կարեն Մարգարյանը: Ընթացակարգի համաձայն` 2011թ սեպտեմբերի 26-ին կայացած մրցույթին մասնակցել են երկու թեկնածուներ եւ կառավարման խորհրդի անդամների փակ-գաղտնի քվեարկության արդյունքում ձայների 5:3 հարաբերակցությամբ դպրոցի գործող տնօրեն Ռոբերտ Առաքելյանը չի ընտրվել տնօրենի պաշտոնում եւ ընտրվել է մյուս թեկնածուն` Հասմիկ Հայրապետյանը: Կարեն Մարգարյանը նշեց, որ այս ամենի արդյունքում, Կառավարության կողմից սահմանված համապատասխան կարգին եւ ժամկետների համապատասխան պետք է կազմակերպվի նոր մրցույթ` ընդհանուր հիմունքներով, նոր թեկնածուների առաջադրման սկզբունքով: Կարեն Մարգարյանի խոսքով` այս պահին դպրոցում մինչեւ նոր մրցույթը տնօրենի պաշտոնակատար է նշանակվել փոխտնօրեններից մեկը:

Ինչ վերաբերում է շրջանառվող լուրերին, թե Կոտայքի մարզպետ Կովալենկո Շահգալդյանն էր ցանկանում տնօրենի պաշտոնում տեսնել Հասմիկ Հայրապետյանին, Կարեն Մարգարյանը պաշտոնապես հայտարարեց, որ Հ. Հայրապետյանը որեւէ բարեկամական եւ ազգակցական կապ չունի մարզպետի հետ:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Մռավյանի անվան թիվ 4 դպրոցի ուսուցչական ողջ անձնակազմը, ծնողներն ու երեխաները մի քանի ժամ փակել են դպրոցին հարակից Շահումյան փողոցը` պահանջելով վերականգնել դպրոցի տնօրեն Ռուբեն Առաքելյանին իր պաշտոնում: