Միացյալ Թագավորություն մեկնող ուղեւորները շաբաթ օրը օդանավակայաններում վայրէջք կատարելուց հետո խնդիրների են բախվել սահմանային հսկողության համակարգի խափանման պատճառով, որը ժամանելուն պես սքանավորում է անձնագրերը, հայտնում է Reuters-ը:

Սոցիալական ցանցերում հրապարակված լուսանկարներում երեւում են Լոնդոնի Հիթրոու եւ Գեթվիք օդանավակայաններում հարյուրավոր մարդկանց երկար հերթեր: Վրդովված ուղեւորները դժգոհել են, որ ստիպված են մի քանի ժամ հերթում սպասել։

«Մենք տեղյակ ենք համազգային սահմանային համակարգի խնդրի մասին, որն ազդում է Մեծ Բրիտանիա ժամանելու վրա»,-ասել է  Մեծ Բրիտանիայի ներքին գործերի նախարարության խոսնակը։ «Մենք աշխատում ենք խնդիրը հնարավորինս շուտ լուծելու ուղղությամբ եւ կապ ենք պահպանում նավահանգիստների օպերատորների եւ ավիաընկերությունների հետ՝ ճանապարհորդների համար անհարմարությունները նվազագույնի հասցնելու համար»,-հավելել է նա։

Հիթրոուն՝ Մեծ Բրիտանիայի ամենածանրաբեռնված օդանավակայանը, հայտնել է, որ լրացուցիչ անձնակազմ է ուղարկել հերթերի հետ աշխատելու համար եւ համագործակցում է սահմանային ծառայության հետ՝ խնդիրը լուծելու համար:

Վերջին մեկ տարվա ընթացքում բրիտանական ավիաընկերություններն ու օդանավակայանները բախվել են նաեւ այլ խնդիրների, այդ թվում՝ օդանավակայանների եւ սահմանային ծառայությունների աշխատակիցների առանձին գործադուլների, ինչպես նաեւ անցյալ ամռանը անձնակազմի պակասի պատճառով թռիչքների չեղարկման հետ: